«Շուշի․ մտաքարտեզներ» գրքի շնորհանդեսը՝ այսօր
Այսօր ժամը 19։00-ին ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում տեղի կունենա «Շուշի․ մտաքարտեզներ» գրքի շնորհանդեսը։ Աշխատությունը ներկայացնում է պատումներ Շուշիի քաղաքային տարածության և առօրյայի մասին՝ հիմնվելով շուշեցիների անձնական ընկալումների և փորձառության վրա, որոնք ուսումնասիրվել են տրավմատիկ հիշողության ենթատեքստում։
Գրքում տեղ են գտել հիշողությունը բազմակողմանիորեն վերլուծող հոդվածներ, հատվածներ շուշեցիների հետ արված հարցազրույցներից, ինչպես նաև վերջիններիս կողմից գծված մտաքարտեզներ։
Գիրքը ստեղծվել է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի համագործակցությամբ իրականացված ծրագրի շրջանակներում։
Միջոցառման մուտքն ազատ է։
«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ-ի կայքում գրքի մասին գրված է. ««Շուշի․ մտաքարտեզներ» միջգիտակարգային նախագիծն ուսումնասիրում է 2020 թվականի աշնանն Արցախյան 44֊օրյա պատերազմի հետևանքով տեղահանված Շուշիի (Լեռնային Ղարաբաղ/ Արցախ) հայ բնակչության հիշողությունն իրենց քաղաքի մասին: Առօրեական պատմությունները, խճանկարային դետալներն ու զգայական զուգորդությունները ներկայացված են տրավմատիկ հիշողության ենթատեքստում, որոնք վերականգնվել են տեղահանվածների հետ արված հարցազրույցների և մտաքարտեզների միջոցով: Անհատական և խմբային փորձառությունը կերպավորում է վերհուշի պարզ եւ առանցքային քարտեզ՝ հակադրվելով պաշտոնական ու քաղաքական քարտեզներին ու պատումներին։
Ի թիվս «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» այլ նախագծերի՝ այս աշխատությունը շոշափում է հիշողության թեման՝ այն դիտարկելով որպես բազմաշերտ տարրերի և ժամանակի պահպանման, վերագտնման եւ վերարժեւորման տարածություն։
Գիրքը մարդաբանների, նշանագետների, սոցիոլոգների, ճարտարապետների, ուրբանիստների, վիզուալ ուսումնասիրությունների բանագետների եւ իրենց տունն ու հարազատ քաղաքը կորցրած շուշեցիների շուրջ մեկ տարվա համատեղ աշխատանքի արդյունքն է։
Աշխատությունը բաղկացած է ներածական հոդվածից և երեք հետազոտական տեքստերից, որոնք դիտարկում են տեղահանվածների հիշողությունն այնպիսի տարատեսակ անկյուններից, ինչպիսիք են սեռը, աշխատանքը, մասնագիտությունը, լեզուն, պատերազմական գործողությունները, գույքը, լուսանկարչությունը եւ այլն։ Գրքի առանցքային բաղադրիչներից են շուշեցիների հեղինակած մտաքարտեզները, հարցազրույցներն ու վիզուալ նյութերը, որոնց համադրությունը միտված է արտիկուլացնել քաղաքային հիշողությունը և դրա մոռացումը։
Այս հետազոտությունը վավերագրություն է՝ սահմանելու այլևս անսահմանելին, քարտեզագրելու կորսվածը, որոնելու քաղաքը հիշողության մեջ եւ հիշողությունը՝ քաղաքի»։
Գրքի գլխավոր խմբագիրն է Տիգրան Ամիրյանը, խմբագրական կազմ՝ Է. Կարապետյան, Ս. Քալանթարյան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին