ՀՀ առաջին նախագահը երբևէ արձագանքե՞լ է Հեյդար Ալիևին, Իլհամ Ալիևին, Սուլեյման Դեմիրելին, Էրդողանին. Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մաղձոտ և ողորմելի արձագանք
Նկատեցի, որ Հայաստանի առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը «ողորմելի մանիֆեստ» վերնագրված կարճ տեքստով արձագանքել և անդրադարձել է օրեր առաջ մի խումբ դիվանագետների, գիտնականների, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների հայտարարությանը, որը նվիրված էր Արցախի, Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրներին և մասնավորապես՝ դրանցում առկա այն կարմիր գծերին, որոնք հատելը դեմ է մեր պետական շահերին: Ճիշտն ասած, նախ իմաստ չեմ տեսնում, երկրորդ էլ՝ ժամանակ չունեմ բովանդակային բանավեճի մեջ մտնել, սակայն երկու հարց, այնուամենայնիվ, կուզենամ հղել առաջին նախագահին:
Առաջին՝ 1998 թ. հրաժարականից հետո ՀՀ առաջին նախագահը երբևէ արձագանքե՞լ է Հեյդար Ալիևին, Իլհամ Ալիևին, Սուլեյման Դեմիրելին, Էրդողանին, Դավութօղլուին, Չավուշօղլուին. անկեղծորեն կուզենայի լսել բազմափորձ Տեր-Պետրոսյանի հակադարձումները թշնամական երկրների ղեկավարներին և նրանց հայտարարություններին: Այլապես, միայն հայ գիտնականների, մտավորականների հանդեպ, հատկապես վերջին շրջանում, նախկին նախագահի բացասական գերուշադրությունը և ձաղկող քննադատությունը մտասևեռման տարրեր պարունակող իրավիճակի է նմանվում: Երկրորդ՝ ինչքանով է ճիշտ, որ տարիքն առած, գիտական կոչում ունեցող, նախկինում պետության ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձը նման որակումներով, ծաղրանքով արտահայտվի մի տեքստի մասին, որի տակ ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախկին երեք նախարարներ, բազմաթիվ արտակարգ և լիազոր դեսպաններ, գիտնականներ, ակադեմիկոսներ, արվեստագետներ: Ինչպես կարելի է դա անվանել «կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներ» և սարկաստիկ, տարիքին անհարիր, չստացված համեմատություններով մտքեր երկնել: Վերջում «պրագմատիզմի շանտաժի» և առաջին նախագահի ջերմեռանդ պաշտպաններ, ձեր հնարավոր մաղձ-քննադատությունը և կեղծ ինտելեկտուալության եղկելի գոհարները սփռելուց առաջ հիշեք, որ այդ «ողորմելի» որակված տեքստը ստորագրել է նաև Հայրենիքի իրական և լեգենդար նվիրյալը՝ 85-ամյա Գուրգեն Մելիքյանը...
Հ.Գ. Մի հռետորական հարց էլ մնաց. արդյո՞ք լավ երաժշտությունը ի զորու է թուլացնել մաղձոտ նենգության կարծրացած շերտերը»:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը Վիգեն Խաչատրյանի հայտարարությունները բարբաջանք է որակել
- Լևոն Տեր-Պետրոսյանի «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի» գաղափարը թերևս ճիշտ չի եղել. Վիգեն Խաչատրյան
- Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան