SOCAR-ը կդադարեցնի Ռուսաստանի տարածքով նավթի տեղափոխումը
Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ SOCAR-ը կդադերեցնի նավթի տեղափոխումը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Ռոյթերզ»-ին ընկերության աղբյուրի հայտնած լուրերը։
Ըստ հրապարակումների, Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով մայիսի ընթացքում տեղափոխվելիք նավթը կուղարկվի Բաքու-Թբիլիս-Ջեյհան խողովակաշարով։ Նշվում է, որ նման որոշում կայացվել է զուտ կոմերցիոն գործոններեվ պայմանավորված. Բաքու-Թբիլիս-Ջեյհանն ունի ազատ հզորություն ու ուղիղ մուտք միջերկրածովյան շուկա։ Առայժմ որոշումը վերաբերում է միայն մայիսին։
Նշվում է, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով 400 հազար տոննա նավթի հումք է ուղարկվել։
SOCAR-ը 2020-ին այդ նավթամուղով տեղափոխել է 585 հազար տոնն նավթ, 2019-ի 824 հազար տոննայի փոխարեն։ Այս տարվա ընթացքում ադրբեջանական պետական ընկերությունը նախատեսում է հյուսիսային ուղղություն առաքել 1.0209 մլն տոննա նավթ։