Հասարակություն 20:30 29/04/2022 Հայաստան

Անհարմար հարցեր հոգևորականին (Մաս 2)

Եկեք ընդունենք՝ բավականին բարդ է հոգևորականին հարցնել աբորտների, հակաբեղմնավորիչների հոմոսեքսուալիզմի, դաջվածքների ու պիրսինգի, ամուսնական դավաճանության ու մինչ ամուսնանալը սեռական կյանքով ապրելու, հոգևորականների խմելու ու ծխելու, էկզորցիզմի  մասին։

Բայց մենք գտել ենք համարձակություն և արգելվածի մասին խոսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների ու Արխիվի տնօրեն Հոգեշնորհ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ։ Ի դեպ՝ զրույցի առաջին մասը պակաս հետաքրքիր չէ և բավականին ընթերցվել է։ Այն կարող եք գտնել այս հղումով։ 

Բայց զրույցը սկսենք  Քրիստոնեության հիմնական բնութագրիչ առաքինությամբ՝ խոնարհության մասին հարցով.

ՄԱՍ Բ.

- Քրիստոնեության մեջ մեծ տեղ է տրվում խոնարհությանը: Ինչո՞ւ:
- Այո, շատ ճիշտ եք: Նախ` խոնարհությունն Աստծո հատկություններից մեկն է. Ամենակալ, Ամենազոր Աստված կամեցավ արարչագործել, վճռեց Իր պատկերով ու նմանությամբ արարած ստեղծել և նրան Իրեն ընտանեկից դարձնել ու նրա համար ամեն ինչ անել: Իսկ մարդու անկումից հետո Արարիչ Տերը վճռում է Իր ձեռագործ արարածի համար խոնարհվել, մարդանալ, մսուրում ծնվել, չարչարվել, խաչվել, մեռնել և թաղվել: Աստված այսպես եկավ հաշտվելու Իր արարածի հետ: Աստվածային փրկագործությունն Ամենազոր և Ամենակալ Աստծո խոնարհության արգասիքն է, ուստի քրիստոնեությունը ծնունդն է աստվածային խոնարհության: Աներևակայելի ակտ է, հիրավի, խորհուրդ մեծ և սքանչելի:

Արդ, եթե մարդու փրկագործության համար անհրաժեշտ էր Աստծո` ի դեմս Հիսուս Քրիստոսի խոնարհվելը, հետևաբար մարդ հավիտենական փրկության կարող է հասնել միմիայն խոնարհության միջոցով, քանի որ խոնարհությունն արմատն է մնացյալ առաքինությունների. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առակաց Գ. 34): Իսկ խոնարհության դուռը և այն ուսանելու ճանապարհը` Աստծո գերազանցությունն ու գերակայությունը ճանաչելն ու ընդունելն է: «Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, և Նա ձեզ կբարձրացնի», - պատգամում է Սբ Հակոբոս առաքյալը (Հակոբ. Դ. 10): 

Հիրավի, խոնարհությունը կենսական անհրաժեշտություն է, քանի որ այս առաքինությամբ է ընտանեկան ու հասարակական ասպարեզներում ձևավորվում համերաշխ, խաղաղ, ներդաշն ու արդյունավետ կյանքը: Իսկ խոնարհվել կարող են միմիայն քաջ, բարի, իմաստուն, հզոր, վեհանձն մարդիկ` Քրիստոս Աստծո ճշմարիտ հետևորդները:

- Եթե մարդ բարեգործությունը ցուցադրում է հասարակությանը, արդյո՞ք Երկնքում վարձ կունենա:
- Շատ հաճախ կատարված բարեգործությունը շեփորահարում են ոչ թե բարեգործները, այլ` նրանց շրջապատող մարդիկ` գովաբանելով, մեծարելով, ի լուր աշխարհի հռչակելով: Մինչդեռ, մեր Տեր Հիսուս Քրիստոս ուսուցանում է մեզ ամենքիս. «Երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթ. Զ. 3-4): Պետք է ի նկատի ունենալ, սակայն, որ կան բարեգործություններ, որոնք կատարվում են հանուն կարիքավորների ու աղքատների: Եվ բարեգործություններ էլ կան, որոնք արվում են ի փառս Աստծո, ի շինություն Հայրենիքի, ի պայծառություն Եկեղեցու, ի վայելումն ողջ Ազգի:  Հետևապես, հարկավոր է տարբերակել բարեգործությունը և ըստ այդմ մեկնաբանել: Այն, որն ուղղված է կարիքավորի ու աղքատի բարեկեցությանը, միանշանակ, պարտ է, որ կատարվի նրբանկատորեն, լինի ծածկաբար, որպեսզի որևէ կերպով բարեգործը չգովաբանվի և սոսկ այդպես փոխհատուցվի, այլ, իրապես, Երկնքում արժանանա իր վարձին. «Այլ երբ ողորմություն անես, փող մի՛ հնչեցրու քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը» (Մատթ. Զ. 2),- պատգամում է Քրիստոս Աստված: Իսկ այն բարեգործությունը, որը կատարվում է ի փառս Տիրոջ, հանուն Հայրենիքի, Եկեղեցու, Ազգի` կարելի է և հարկավոր է բարձրաձայնել, արձանագրել, սակայն` չափավորաբար և վայելչապես, որպես բարի օրինակ այլոց և ի դաստիարակություն սերունդների: Վերջապես, հարկավոր է մեր բարեպաշտ ու բարեգործ իշխանների պես լինել, ովքեր կոթողեցին սքանչելի վանքեր ու եկեղեցիներ` իրենց անունները դրոշմելով վիմագիր արձանագրություններում ու ձեռագրաց հիշատակարաններում, սակայն ամենախոնարհաբար կամեցան, որ իրենց հավատակիցներն Աստծո տաճար մուտք գործեն յուրյանց շիրիմների վրա քայլելով (քանի որ նրանք ամփոփվել են մի շարք եկեղեցիների գավիթներում և կից մատուռ-դամբարաններում): Խոնարհությունն ու սերն են ծնողները բարեգործության, իսկ եթե այդ առաքինություն-ծնողները սերում են Աստծուց, ուրեմն բարեգործությունն էլ կլինի ճշմարիտ կերպով, հոգեշահ և աստվածահաճո:

- Աստված մարդուն պատժո՞ւմ է իր երկրային կյանքի ընթացքում: Բնական աղետներն ո՞ւմ գործերն են:
- Սուրբ Ավետարանը մեզ սովորեցնում է, որ Աստված չարից չի փորձվում և Ինքն էլ չի փորձում ոչ ոքի: Հետևաբար, այդ մենք ենք մեզ փորձության մատնում, մեզ պատժի դատապարտում՝ մեր մտքերով, խոսքերով ու գործերով, ինչպես առաքյալն է վկայում՝ «հրապուրվելով ու խաբվելով իր [անձնական] ցանկություններից» (Հակոբ. Ա. 14): Այո, ինչպես սիրող ծնողը, նույնպես Մարդասեր Աստված, երբեմն խրատում է իր զավակներին՝ թույլ տալով որոշ փորձություններ, որոնք, սակայն, միշտ ենթակա են մարդու ուժերին, այսինքն՝ փորձության հետ միաժամանակ Տերը ցույց է տալիս հաղթահարման ճանապարհը և օժանդակում է մարդուն այդ ընթացքում. «Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել, այլ՝ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանանք համբերել»,- վկայում է Սբ Պողոս առաքյալը (Ա. Կորնթ. Ժ. 13): Իսկ բնական, տարերային աղետներն ունեն տարբեր պատճառներ. առաջին հերթին դրանք բնական երևույթներ են, բնությունը, տիեզերքը կենդանի մարմին է, ուստի և կարող են գրանցվել շարժեր, պայթյուններ և այլ աղետներ: Այո, մարդը ևս, ով կոչված է պահպանելու և խնամելու արարչաստեղծ բնությունը, իր անխոհեմ գործունեությամբ կարող է պատճառ դառնալ բնական աղետների: Վերջապես, Տիրոջ կամքով էլ կարող է առաջ գալ տարերային աղետ, ինչպես վկայում է Աստվածաշունչ մատյանը, զոր օրինակ՝ ջրհեղեղը, Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանումը: Այդուհանդերձ, վերստին հիշենք, որ մեր Արարիչ Տերը մարդու մահն ու կորուստը չի կամենում, որքան էլ նա մեղավոր լինի: Աստված սեր է և Իր անճառելի սիրով խնամք է տանում, որ մոլորված մարդը կանգ առնի, դարձի գա, բարին արարի և իր աստվածային կոչման համաձայն լինի Իր նման՝ բարեխնամ ամենքի և ամենայն ինչի հանդեպ:  
   
- Արդյո՞ք մեղք է այս կյանքը համարել երկնային կյանքից ոչ պակաս կարևոր:
-Երկնային կյանքն սկսվում է երկրային կյանքով: Այս կյանքն արմատն է մեր Կենաց ծառի: Եթե այդ ծառի արմատն առողջ լինի, ծառն էլ փարթամ ու պտղառատ կլինի: Աստված կամեցել է, որ մարդը ծնվի այս սքանչելակերտ աշխարհում, որպեսզի այստեղ նա ճանաչի իր Արարչին, ինքն իրեն, իր ծննդյան խորհուրդն ու կոչումը, և ըստ այդմ նա ապրի այս կյանքում՝ շարունակելով արարչագործությունը: Հետևապես, այս աշխարհում, այս արևի ներքո մեր կյանքը շնորհ է, օրհնյալ ու մեծարժեք է: Պարզապես երկրային մեր կյանքում միշտ պետք է հիշենք, որ «ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից» (Հակոբ. Ա. 17), քանզի մենք հավիտենական էակ ենք և մեր մշտական քաղաքացիությունը Երկնքում է: Այս գիտակցությամբ և հավատամքով երբ ընկալենք երկրային մեր կյանքը՝ մեղք չի լինի:

- Ի՞նչ է երջանկությունը:
- Մեր ներքին տաճարն է, որի ճիշտ կառուցման և գործունեության դեպքում և մեր հոգին, և մեր մարմինը, և մեր կյանքը կլինի լավ և բարի: Իսկ այդ տաճարի հիմնաքարը, ըստ իս, Սբ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն թարգմանված հետևյալ աստվածաշնչյան պատգամն է` «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը» (Առակաց Ա. 2): Այլ կերպ` երջանկության անսպառելի և վավերական աղբյուրն աստվածգիտությունն է: Ճանաչելով մեր Տիրոջը, իմանալով Նրա կամքն ու պատգամը` մենք կապրենք այնպիսի մի լավ ու բարի կյանքով, որի արդյունքում մենք ի ներքուստ կլինենք երջանիկ և այդպես նաև  երջանկությունը կտարածվի ու կթագավորի մեր շուրջբոլորը:   

- Ի՞նչ է ճշմարտության որոնումը:
- Այս հարցի պատասխանը պետք է փնտրել ու գտնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Պիղատոսի երկխոսության մեջ. Քրիստոս Աստված ասում է նրան` «...Ծնվել եմ և դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպեսզի ճշմարտության համար վկայեմ: Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է» (Հովհ. ԺԸ. 37): Հետևապես, ճշմարտությունն Է-ն է, Արարիչ Աստված, Ով մեզ կատարելապես հայտնվեց ի դեմս Հիսուս Քրիստոսի: Իսկ Ճշմարտության որոնման և այդ գիտությանը հասնելու միակ ճանապարհը մեզ` հայերիս համար քրիստոնեական աստվածպաշտությունն է և քրիստոնեաբար ապրելը:

- Մարդիկ հաճախ են ասում` «Լինող բանը կլինի», կամ` «ինչ որ լինելու է` կլինի». արդյո՞ք դա այդպես է:
- Տիեզերքը համայն գտնվում է աստվածային նախախնամության մեջ: Մարդը, ում Արարիչ Աստված օժտել է ինքնիշխանությամբ ու բանականությամբ, ինքն է յուր մտավոր, հոգեկան ու ֆիզիկական կարողություններով կառուցում ու վարում իր կյանքը: Նպատակադրվելով, ճիգ ու ջանքով, աշխատանքով ենք մենք հասնում իրագործումների, հաջողությունների, ունենում ձեռքբերումներ: Եվ այդ ողջ ընթացքում հավատավոր անձը հարատև աղոթքի մեջ է. զրուցում է իր Աստծո հետ` հայցելով. «Եղիցի կամք Քո»: Ուստի և բարերար ու բարեխնամ Տերն օրհնում է մեր ջանքերը, արդյունավորում է մեր աշխատանքը և Իր աստվածային տեսչությամբ շնորհում է մեզ այն, ինչ լավ է ու բարի մեր գոյության և հավիտենական փրկության համար:

- Ինչպե՞ս կիրակի օրն Աստծուն նվիրել: Կարելի՞ է արդյոք այդ օրը տնային գործերով զբաղվել, կերակուր պատրաստել կամ մարմնի խնամքին հետևել: Ի՞նչ չի կարելի անել այդ օրն առհասարակ:
- Կիրակին` շաբաթվա առաջին օրը, միաշաբթին, Սուրբ Եկեղեցին, տակավին առաքելական շրջանից` առաջին դարից, նվիրել է Տիրոջը, քանի որ այդ օրը տեղի ունեցավ Հարությունը: Հետևաբար, ինչ պետք է անել կիրակի օրը. նախ` ամեն քրիստոնյա հայորդի, ով այդ օրը կենսական նշանակության աշխատանքի կամ ծառայության մեջ չէ (հրշեջ, բժիշկ, զինվոր, ոստիկան ևն), մասնակցություն պետք է բերի մեր տաճարներում մատուցվող Սուրբ Պատարագին: Այդ օրը քրիստոնյա հավատացյալներս` ի մի համախմբվելով ու միաբանվելով հրեշտակներին ու մեր երկնաբնակ սուրբերին, փառավորում ենք մեր Փրկչին, հաղորդվում ենք Նրա հետ և ստանում Նրա պատգամը` հոգևորականի քարոզխոսությամբ: Սուրբ Պատարագից հետո ցանկալի է, որ քրիստոնյա հայորդիք, հնարավորության դեպքում, ուխտագնացության մեկնեն` այցելելով որևէ հինավուրց վանք կամ եկեղեցի, ցանկալի է, որ ի մի հավաքվեն հարազատներով, բարեկամներով կամ ընկերներով ու մտերիմներով` միմյանց հետ շփվելու, զրուցելու, միմյանց գոտեպնդելու ու օգնելու և միասնաբար վայելելու սիրո ճաշը, որի պատրաստությանն իր մասն ու բաժինը կբերի այր և կին: Ահա, այսպես է վայել ապրել կիրակի օրը, ապրել Տիրոջից ստացած օրհնությամբ, զվարթությամբ, քաղցրությամբ, սիրով: Եվ օրվա վերջալույսին, ամրապնդված երջանիկ ապրումներով ու զգացումները, նախապատրաստվել աշխատանքային` արարման օրերին:

- Ամուսնալուծությունը մե՞ղք է:
- Հրապարակային խոստովանության ժամանակ, երբ ընթերցում ենք մարդու կողմից գործվող հնարավոր մեղքերը` դրանց մեջ ուղղակի կերպով չի հիշատակվում ամուսնալուծությունը: Սակայն, այն մեծ ցավ ու տխրություն է, երբեք ցանկալի չէ, որ երբևէ միմյանց սիրող, իրարու հետ «ընդ հուր և ընդ սուր» անցնելու վճռական ուխտ կնքած և ընտանիք կազմած զույգը բաժանվի: Սբ Պողոս առաքյալն իր թղթում այսպես է ասում. «Իսկ ամուսնացյալներին ոչ թե ես, այլ Տերն է պատվիրում. թող կինն ամուսնուց չբաժանվի: Իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնու մնա կամ վերստին իր մարդու հետ հաշտվի, և մարդն իր կնոջը թող չթողնի» (Ա. Կորնթ. Է 10-11): Այդուհանդերձ, Սուրբ Եկեղեցին մտահոգ անհատի առողջությամբ, երջանկությամբ և հավիտենական փրկությամբ, հիմնվելով Աստվածաշունչ մատյանի և եկեղեցական սրբազան ավանդության վրա, դարերի հոլովույթում աստվածային ներշնչմամբ առանձնացրել է որոշ դեպքեր և ժողովական ու հայրապետական կանոններով դրանց համար թույլատրել է ամուսնալուծություն: Եվ, սակայն, Սուրբ Եկեղեցին իր հովվական խնամքով, իսկ ազգականներն ու ընկերներն իրենց ջանքերով պետք է աշխատեն, օգնեն ամուսիններին, որպեսզի նրանք չսեղմեն կարմիր կոճակը. ամեն պայթյուն չէ, որ ազատարար ու փրկագործ է:

- Ամուսնության պայմանները:
- Սուրբ Պսակի խորհուրդը կատարելու համար ամենից առաջ հարկավոր է` ազատ ընտրություն և փոխադարձ հոժարություն. զույգն ինքը պետք է ամուսնության որոշում կայացնի` հիմնված միմյանց ճանաչողության, անկեղծ սիրո և խորը հարգանքի վրա. ծնողները կամ այլ ոք չեն կարող բռնությամբ կամք թելադրել: Անշուշտ, տղան կամ աղջիկը կարող են և պետք է խորհրդակցեն իրենց ծնողների, հոգևոր ծնողաց կամ հավատարիմ անձանց հետ: Վստահաբար, նրանք իրենց կյանքի փորձառությամբ և իմաստությամբ կօգնեն վճիռ կայացնելիս (կօգնեն նաև հետագայում, երբ ամուսնական կյանքում բնականորեն հառաջ կգան դժվարություններ, անհասկացողություններ): Տղա, թե աղջիկ` երբեք չպետք է թույլ տան, որ հպարտությունն իրենց միտքը կուրացնի և սխալ որոշման հանգեցնի, այդպես ամուսնական կյանքը վերածելով ողբերգության... Երկրորդ` չափահասություն. փեսան ու հարսը պետք է լրացնեն համապատասխան կանոնական, պետական օրենքով սահմանված տարիքը, մտքով հասուն լինեն, հոգով ու մարմնով` առողջ: Երրորդ` փեսան ու հարսը մերձավոր ազգականներ` արյունակից չպետք է լինեն (Հայոց Եկեղեցին արտոնում է մերձավոր ազգականության միայն հինգերորդ պորտի պսակը): Չորրորդ`փեսայի և հարսի միևնույն դավանության և ազգության պատկանելություն. անշուշտ, ինչպես անցյալում, այսօր էլ լինում են բացառություններ, երբ քրիստոնյա այլազգի փեսան կամ հարսը պսակադրվում է հայորդու հետ: Նման դեպքեր հաճախակի են Սփյուռքում: Յուրաքանչյուր ամուսնացող հայորդի`տղա կամ աղջիկ, քաջ պետք է գիտակցի, որ ամուսնանում, ընտանիք է կազմում ոչ միայն իր անձնական երջանկության ու բարիքի համար, այլև` վասն Ազգի, Հայրենիքի և Եկեղեցու: Հետևապես, նա ունի ազգային-եկեղեցական որոշակի պարտավորություններ, կոչված է իր անձով, գործով ու կյանքով նաև մասնակից լինելու ազգային-հոգևոր առաքելությանը: 

- Պսակից առաջ կա՞ն եկեղեցական արարողություններ, որ զույգը պիտի անի:
- Սուրբ Պսակի խորհրդի հիմքը, նախերգանքը նշանադրությունն է, Նշանօրհնեքը: Արարողությունը կատարում է քահանան` աղջկա տանը (կամ եկեղեցում, կարելի է կատարել նաև հանդիսասրահում), նշանադրյալների ծնողների, ընտանիքի անդամների և հրավիրյալների ներկայությամբ: Սբ Պսակի խորհրդից առաջ թելադրելի է, որ ապագա ամուսինները եկեղեցի գնան խոստովանության, այնուհետև մասնակցեն Սբ Պատարագին և Սբ Հաղորդություն ընդունեն:

- Կարելի՞ է մինչև ամուսնանալն ապրել սեռական կյանքով՝ զուտ հաճույքի համար:
- Մեր սիրելի երիտասարդները չափազանց ուշադիր և զգույշ պետք է լինեն այդ հարցում. հաճույքն առանց սիրո մարդուն ոչնչացնում է: Իր սրտում ազնվագույն սեր բխեցնող անձի կյանքն ամբողջապես պետք է լինի սուրբ որոնում միակի, ընտրագույն անոթի: Եվ այդ ճանապարհին գտնվողը (տղա կամ աղջիկ) պետք է ջանա անցողիկ հաճույքների համար իրեն արկածախնդրության չմատնել: Ծնողները սուրբ պարտականություն ունեն ոչ միայն հոգ տանելու իրենց զավակների մտավոր կրթության համար, այլև` նրանց հոգևոր-բարոյական ճիշտ կրթության ու դաստիարակության գործը կազմակերպելու: Ընտանիքն է առաջին հերթին կերտում անձի հոգևոր-բարոյական կերպարը, ընտանիքը պետք է առաջնահերթ հսկի և հետևի իրենից ծնված երեխաներին: Առողջ հոգևոր-բարոյական նկարագիր ունեցող անհատները կկարողանան ապրել այնպիսի կյանքով, որը զերծ կլինի անասնական վիճակներից, ճակատագրերի խեղումից, մարմնական ախտերից և խորտակումներից: Թող մեր սիրասուն տղաներն ու աղջիկներն ականջ դնեն աստվածաշնչյան իմաստությանը և ըստ այդմ կյանքում որդեգրեն իրենց ապրելակերպը. «Ուրախացիր, երիտասարդ, քո երիտասարդությամբ, թող քո սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին: Գնա քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացիր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի: ...Պահիր Նրա պատվիրանները» (Ժողովող ԺԱ. 9, ԺԲ. 13):       

- Ամուսնական առագաստ. Աստծո պատիժը նո՞ւյնն է, թե ամուսնու, թե կնոջ համար, ով կպղծի ամուսնական առագաստը, թե՞ կա խտրական վերաբերմունք, իսկ միմյանցից հեռու ապրող ամուսինների ժուժկալության պահանջը նույնպե՞ս հավասար է:
- Արդեն մեր խոսքում նշեցինք, որ մարդուս պատիժն ու գնահատանքը մեր կյանքի ընթացքով ու գործերով են պայմանավորված: Արդարև, Պսակը սուրբ խորհուրդ է, հետևապես, այդ խորհրդակատարությամբ ստեղծված ամուսնական առագաստը սուրբ է: Այդ սուրբ վայրում բնակվում են, ել ու մուտ ունեն միմիայն ամուսինները: Մեր Եկեղեցին երբեք իրեն թույլ չի տալիս մուտք գործելու որևէ ամուսնական առագաստ. ամուսնական ներքնաշորերից ներս բոլոր խնդիրները բացառապես պետք է լուծեն ամուսինները` առաջնորդվելով սիրով և քրիստոնեկան բարոյագիտությամբ: Պարզապես պետք է միշտ հիշել, որ մենք` այր և կին, կարող ենք մեղք գործել, մոլորվելով սխալվել, ընկնել, սակայն միմյանց նկատմամբ կարեկցանքը, սերն ու նվիրումն ի զորու են հարթելու ամեն խնդիր, իսկ մեր անկեղծ զղջումն ու խոստովանությունը փրկության հնարավորություն կտան մեզ: Քանզի Մարդասեր Աստված ողորմած է և, որպես Հայր, Նա իր զավակների համար միայն փրկություն և երջանկություն է կամենում: Հավելենք նաև, որ միայն ամուսինների փոխադարձ համաձայնությամբ, երբ նրանք լուծում չեն գտնում, կարող են դիմել նաև Սուրբ Եկեղեցուն, որպեսզի քննության առնի իրենց որևէ խնդիր, ինչն էլ կկատարվի զգուշորեն ու նրբանկատորեն, ցուցաբերվելով խիստ անհատական մոտեցում:

- Ինչպե՞ս է Հայ Առաքելական Եկեղեցին նայում աբորտներին:
- Եկեղեցին և Ազգը պետք է աճեն ու բազմանան: Հայ ընտանիքից պետք է ծնվեն առանց խտրության տղաներ ու աղջիկներ: Եվ ոչ ոք և ոչինչ չպետք է սպառնան այդ առողջ ծնունդներին. Հայոց Եկեղեցին, ինչպես ողջ Ընդահանրական Սուրբ Եկեղեցին, դատապարտում է արհեստական վիժման՝ արգանդային պտղի կանխամտածված ոչնչացումը, քանզի այն մարդասպանություն է: Պետությունը պետք է կեցության այնպիսի պայմաններ ստեղծի, որ ամուսիններն առանց մտահոգության ձգտեն որդեծնության: Իսկ քրիստոնյա համայնքն էլ սիրով ու հոգատարությամբ պետք է պարուրի իր մեջ գտնվող այն անձանց, ովքեր մայրանալու ոսկե դարպասներն են բացել, և ամենևին փույթ չէ, թե ինչպես են բացվել:

- Հակաբեղմնավորիչներն արգելո՞ւմ է Եկեղեցին:
- Ըստ իս, բեղմնավորման վերահսկման և դրա ընդունելի ձևերի հարցն ամեն ընտանիք կարող է լուծել խիստ անհատական կարգով: Հարկավ, այդ հարցում քրիստոնեական բարոյագիտության հետ մեկտեղ անհրաժեշտ է լսել նաև բարեպաշտ ու բարեխիղճ բժիշկների խորհուրդը:

- Հոմոսեքսուալիզմի մասին ի՞նչ կասեք:
- Հոգևոր ախտ է (հակառակ այն բանի, որ տարիներ առաջ այն հանվել է հիվանդությունների ցուցակից), երևույթն անընդունելի է, հանդուրժման ենթակա չէ: Դատապարտելի է որևէ միջոց, որն արդարացնում է դա, մանավանդ գովազդում: Այս մոտեցումը, բնավ, չի տարածվում այդ ախտով հիվանդացյալների վրա. նրանք կարիք ունեն մասնավոր հոգեփրկչական խնամքի, որպեսզի ապաշխարությամբ վերագտնեն իրենց հոգեմտավոր առողջությունը և իրենց կյանքը շարունակեն աստվածային պատվիրանների համաձայն: Թող վերստին լսելի լինեն ամենքիս Սբ Պողոս առաքյալի խոսքերը. «…Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծո արքայությունը չպիտի ժառանգեն: Եվ դուք, գոնե ոմանք, այդպիսիք էիք, բայց լվացվեցիք, մաքրվեցիք, արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծո Հոգով» (Ա. Կորնթ. Զ. 9-11):

- Ճի՞շտ է, որ Եկեղեցին դեմ է դաջվածքներին և պիրսինգներին:
- Իսկ ինչպե՞ս են դրանք նպաստում տվյալ անձի հոգևոր-բարոյական, ազգային նկարագրի կերտմանը, մտավոր հասունությանն ու կրթությանը, վերջապես՝ հավիտենական փրկությանը: Արդյո՞ք դրանք են մարդուն գեղեցկացնում: Եկեղեցին մշտապես ցույց է տալիս ճշմարտության, բարության, իրական գեղեցկության, աստվածահաճո և հանրօգուտ կյանքի ճանապարհը, որը մարդուն տանում է դեպի անկորնչելի երջանկություն, կատարյալ գեղեցկություն և անմահություն: Այսքանով հանդերձ՝ ապրելաձևի ու կերպարի ընտրությունն ամեն մարդու ազատ կամքի և գիտակցության որոշումն է:

- Հոգևորականները կարո՞ղ են խմել, ծխել:
- Հոգևորականն էլ է մարդ՝ կազմված մարմնից և հոգուց: Նա էլ է բնակվում այս աշխարհում, այս արևի ներքո: Բնականաբար, եկեղեցականն էլ է սնվում, խմում, իր ազատ պահերն իր կամեցածի պես կազմակերպում և անցկացնում: Ըստ նախասիրության, այո, որոշ առիթների ընթացքում հոգևորականներն էլ են անուշ անում ոգելից խմիչք (ինքս նախընտրում եմ սպիտակ գինի և կոնյակ): Հոգևորական կամ աշխարհական ազատ է նաև ծխելու հարցում (ինքս չեմ ծխել երբեք): Առիթից օգտվելով կուզեմ հորդորել մեր ծխասեր հավատացյալներին, որ այդ «արարողությունը» երբեք չկատարեն ի մեջ մարդկանց՝ նրանց լինեն յուրայիններ կամ անծանոթներ:

- Ժամանակակից երաժշտությունը, ֆիլմերը տեղ ունե՞ն կյանքում հոգևորականի:
- Հարկավ, քանի որ մեր քարոզներում երբեմն այդ ֆիլմերն էլ են տեղ գտնում՝ դրանց հաջողված կամ ձախող պատկերներն ու գաղափարները մեկնաբանելով պատգամն առավել առարկայապես է մատուցվում հավատացյալներին: Այո, արդի երաժշտությունն էլ լսելի է մեր շրջանակներում. նախընտրության հարց է: Կամա, թե ակամա նաև գիտես որոշ շատ հնչող անուններ ժամանակակից երաժշտության կատարողների: Ճիշտ է, որ եկեղեցականը ժամանակին համընթաց շարժվի, որպեսզի Անժամանակ Աստված հասնի բոլոր ժամանակների հավատացյալներին: Մեր Սուրբ Եկեղեցին՝ մնալով ավանդապահ, միշտ էլ արդիական է:

- Կա՞ մի թրենդային երգ, որ հնչում է մտքում:
- Դասական երաժշտության սիրահար եմ, ուստի և իմ մտքում հանապազ հնչում է Մոցարտ, Հենդել, և մնացյալ սիրելի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

- Էկզորցիզմի մասին ի՞նչ կասեք:
- Քրիստոնեական բոլոր եկեղեցիներում կա նման կարգ: Հայոց Եկեղեցին էլ ունի, թեև չափազանց հազվադեպ է կատարվում: Ավետարաններում կան դրվագներ, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս մարդկանց միջից դուրս էր հանում չար ոգիներին, դևերին: Դիվահարության երևույթը կա բոլոր դարերում: Մեր արդի կյանքում էլ կան այսահարվածներ: Այդ կարգի կատարումը հոգևորականից պահանջում է որոշակի հոգևոր փորձառություն և պատրաստություն. ամեն պահի, ամեն իրավիճակում չես կարող այն կատարել:

- Ի՞նչ եք կարծում, որ մեղքն է ամենասարսափելին:
- Թերևս այն, երբ անձը զուրկ է մեղավոր լինելու գիտակցությունից: Ինքնահռչակ սուրբերը ոչ միայն իրենք իրենց են կործանում, այլև շատերի կորստյան պատճառ են դառնում:

- Հրաշքներ լինո՞ւմ են:
- Ամեն օր բացվում է լույսի առավոտ, ամեն օր նոր կյանք է շնորհվում մեզ, ամեն օր նոր մարդ է լույս աշխարհ գալիս: Ամեն ոք կարող է վկայել իր կյանքում կատարված հրաշքների մասին, որոնք Արարիչ Աստծո ողորմության և սիրո դրսևորումներն են և դեպ հավիտենական փրկության առաջնորդման մասնավոր ազդակներ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}