«Ժողովուրդ». 2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի պղնձի և մոլիբդենի խտահանքի արտահանման պետական տուրքի կիրառությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է բարեփոխել ռոյալթիի հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձևը վերանայել այնպես, որ մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի:
Բացի այս, ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձևում կլրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ 2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը: Ըստ ՖՆ-ի՝ մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը կդառնա մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ՝ դրանով իսկ մետաղների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հարկային եկամուտներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։