Մոլդովայում Ադրբեջանի դեսպանի դեմ Ուկրաինայում գործ է հարուցվել
2021 թվականին «Ուկրաինայի Կարապապակի թուրքերի ազգային խորհրդի» ղեկավարի կողմից Մոլդովայում Ադրբեջանի դեսպան Գուդսի Օսմանովի՝ ռուսական Ղրիմ այցի մասին մատնությունը պատճառ է դարձել, որ ուկրաինական դատախազությունը քրեական գործ հարուցի նրա դեմ։ Այդ մասին նյութերը գտնվում են «ՌԻԱ նովոստի»-ի տրամադրության տակ։
Այն բանից հետո, երբ 2014 թվականի մարտին Ղրիմը դարձավ Ռուսաստանի տարածք, Ուկրաինան ոչ թե լիկվիդացրել է թերակղզում գործող իր իրավապահ մարմինները, այլ դրանք տեղափոխել է Խերսոն։ Այնտեղից ուկրաինական ուժայինները պետական միջոցների հաշվին նմանակել են իրենց գործունեությունը արդեն Ուկրաինայի նախկին շրջանի վիրտուալ իրավական դաշտում։
Ռուսաստանի իրավապահ մարմինների ձեռքն է հայտնվել, այսպես կոչված, «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի դատախազության» արխիվը, որը թողել էին ուկրաինական ուժայինները, երբ ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո փախել էին Խերսոնից։
Հայտնաբերված փաստաթղթերի թվում կան նյութեր, որոնք վկայում են Օսմանովի դեմ բացված գործի և մատնության մասին։
Ինչպես պարզ է դառնում արխիվից, 2021 թվականի մարտի 6-ին ադրբեջանական Ovqat.com տեղեկատվական և վերլուծական պորտալի գլխավոր խմբագիր Հեյդար Օղուզը նամակ է ուղարկել «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլի դատախազություն»: Նա հայտնել է, որ, իր տեղեկություններով, Մոլդովայում Ադրբեջանի դեսպան Գուդսի Օսմանովի՝ Ղրիմ կատարած այցի փաստով քրեական գործ է հարուցվել, և խնդրել է տեղեկացնել, թե որքանով է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Դատախազությունը հաստատել է փաստը և հիշատակել մատնողին: