Մեզ էլ քվոտա տվեք, մենք էլ մեր ասֆալտի առաջարկներն անենք. Բագրատյանը՝ ֆինանսների փոխնախարարին
ՀՀ Ազգային ժողովում 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր հարցերն ուղղեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին:
«Մենք իրար աչքի չենք կարող թոզ փչել և գիտենք, որ բնական գազը 85 դոլար է՝ առանց տրանսպորտավորման, 2014 թվականի հունիսի համեմատ` նավթի գինը 137 դոլարից իջել է 37-ի: Եթե 2014-ի հունիսի գներով հանրապետության պահանջած վառելիք ներմուծելու համար 1 մլրդ դոլարի կարիք ունեինք, իսկ 420 մլն դոլարը բավարար է: Եթե էկոնոմիա է լինում, ինչո՞ւ տնտեսությունը չի աճում, ինչի՞ բարելավում չի բերում, իսկ 600 միլիոն էկոնոմիան նշանակում էր աղքատության տոկոսի 18 տոկոսով իջեցում: Ո՞վ պետք է պատասխան տա սրա համար, ինչո՞ւ է տնտեսական աճը սպասվում 2, այլ ոչ թե 12 տոկոս»,- նշեց Հ.Բագրատյանը:
Պատասխանելով հարցին՝ Պավել Սաֆարյանն ասաց, թե շատ լավ կլիներ, եթե տնտեսական աճը լիներ 12 տոկոս, սակայն այս պահին դա իրատեսական չէ, ռիսկային է և այս պարագայում նավթի գները բնավ կապ չունեն: «Տնտեսական աճն ավելի բարձր դնելու մասին մենք երկու ամիս անընդհատ փորձել ենք բացատրել, թե ինչու էր 2 տոկոս և ավելի հաճելի կլիներ 12 տոկոսը, սակայն այն գործիքակազմը, որին տիրապետում է կառավարությունը, մեզ հնարավորություն չի տվել ՀՆԱ-ի իրական աճը 12 տոկոս դարձնել: 12 տոկոսը 2016 թվականի համար ռիսկային և անիրատեսական է, կարող էր 2.5 տոկոսից բարձր լինել, սակայն 12 տոկոսն իրատեսական չէ»,- ասաց Պ.Սաֆարյանը:
Հ.Բագրատյանին հետաքրքրում էր նաև կուտակայինի հետ կապված խնդիրը: Նրա խոսքերով՝ քաղաքացիների հավելյալ ներդրումներն արտացոլված չեն բյուջետային ուղերձում, ինչը պարտադիր է, քանի որ ներդրումներ են եղել, սակայն տնտեսությունը գահավիժել է:
Պ.Սաֆարյանը պատասխանելով այս հարցին՝ ասաց, որ այդ ներդրումները չեն համարվում պետական ֆինանսներ, ուստի չեն կարող տեղ գտնել բյուջեում:
Հրանտ Բագրատյանը բարձրաձայնեց նաև ասֆալտապատման հարցը՝ նշելով, որ եթե պետությունը, օրինակ` 40 կմ ասֆալտ պետք է անի, ապա անում է 30 տոկոսը և այն 10 տոկոսը թողնում է ՀՀԿ-ականներին, որ նրանք առաջարկ անեն ու ընդունվի: «Առաջարկ են անում, ընդունվում է, բայց, ճիշտն ասած, ախալքալաքցիների հացն էլ եք կտրել, իմանան՝ կնեղանան, քանի որ իրենք են անում ասֆալտը: Մեզ էլ քվոտա տվեք, մենք էլ մեր ասֆալտի առաջարկներն անեք, որպեսզի ժողովուրդը չասի, թե դուք բան չեք անում»,- նշեց Հ. Բագրատյանը:
«Խնդրում եմ Հրանտ Բագրատյանին էլ բաժանեք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան