Արման Թաթոյան. Չենք կարող մենք Ժողովրդավարոթյունը հակադրել անվտանգությանը
«Կառավարության ղեկավարը Աժ պատգամավորներին, կառավարող խմբակցության մասին է խոսքը, վերաբերվում է որպես իր աշխատողների։ Նաև այդպես է հանրային ընկալումը։ հետևաբար ԱԺ-ն զրկված է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից»,-Սարյան պուրակում հրավիրած հանրային քննարկման ժամանակ հայտարարեց նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով երկրի կառավարման խնդիրներին, մասնավորապես ԱԺ դերի անկմանը։
Նախկին պաշտպանն ասաց, որ խորհրդարանն ամբողջությամբ գտնվում է գործադիր իշխանության ազդեցության ներքո։
«Բազմիցս ականատես ենք եղել, թե ինչ ինքնամոռաց են գովում պատգամավորները կառավարության նախագծերը, գրեթե հնարավոր չէ լսել այլընտրանքային կարծիք։ Օրենսդրական նախաձեռնությունների մասին, որոնք երկիրը պետք է տանեն առաջ, ես իմ սեփական փորձից եմ ասում, ԱԺ-ում թողնում են հնչեցնել ամենաանմեղ հարցերը»,-ասաց նախկին ՄԻՊ-ը՝ ՝ընդգծելով, որ երբեմն նախագծերն ընդունվում են ՝ խուսափելով հանրային քննարկումներից, թաքցնելով հանրային վերահսկողությունից։
Նա ասաց, որ արատավոր այդ պրակտիկան սկիզբ առավ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ չարաշահվում էր արտակարգ դրության, ռազմական դրության ռեժիմները, ընդունվում էին օրենքներ, որոնք խախտում էին մարդու իրավունքներն ու ազատությունները։
«Մենք ժողովրդավարությամբ առաջնորդվող պետություն ենք, և դա բնական է։ Բայց չենք կարող մենք դա հակադրել անվտանգությանը։ Մենք պետք է առաջնորդվենք դրանք համադրելու ճանապարհով ու այդ ճանապարհը կա։ Չի կարելի հակադրել ազգայինն ու անվտանգային հարցերը, նման արատավոր փորձեր արվում են, բայց դրանք մեկ միասնական հարթակ են»,-ասաց նա։
Թաթոյանը նշեց, երբ 4 տարի առաջ մարդիկ դուրս էին եկել փողոց, ցանկանում էին ապրել երջանիկ, ապահով երկրում, պետության կողմից պաշտպանված, որ պետությունը հաշվետու լիներ իրեն։
«Հիմա ունե՞նք այդ ամենը։ Իհարկե, ոչ։ Բայց երբ փորձում ենք հասկանալ, թե ինչ խորքային խնդիրներ կան, պատճառները որո՞նք են, ակնհայտ է, որ դրանք տանում են կոպիտ սխալների, քաղաքական նեղ շրջանակի, որոնք արգելակում են երկրի զարգացումը»,-ասաց Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան