Արթուր Վանեցյան. Արցախի օկուպացված տարածքները պետք է դեօկուպացվեն
«Արցախի օկուպացված տարածքները պետք է դեօկուպացվեն։ Կա հստակ գիտակցում, որ Արցախի հարցը գոյություն ունի, այն մեր քաղաքական օրակարգում կա։ Մեր դիրքորոշումն այն է, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում»,-Ազատության հրապարակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ Հայաստանում պետք է միաժամանակ երկու կարևոր գործընթաց իրականացվի՝ բանակի վերականգնում ու դիվանագիտական աշխատանք։
«Ես համոզված եմ, որ մենք կհաջողենք։ Պարտության խորհրդանիշ հանդիսացող վարչապետը չի կարող գնալ ու բանակցել ուղիղ, ձիգ, երկու ոտքի կանգնած։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ստորագրելիս նա եղել է բարդ հոգեբանական վիճակում, հիմա նա չի կարողանում այդ վիճակից դուրս գալ, որ գնա, կանգնի, նայի թշնամի երկրի ղեկավարի աչքերի մեջ ու ասի իր ուզածը։ Պետք է փոխվի, այս մարդը պետք է գնա, որ գան նոր մարդիկ բանակցելու»,-ասաց նա։
Վանեցյանին հարցրեցին՝ հնարավո՞ր է Վանեցյանը կանգնի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի կողքը, եթե վերջինին առաջադրեն որպես անցումային կառավարության վարչապետ։ «Հայրենիք» կուսակցության նախագահն ասաց, ողջունում է Թաթոյանի՝ այսօր հանրային քննարկում հրավիրելու նախաձեռնությունը։
«Թաթոյանին ես համարում եմ գրագետ, բանիմաց, հայրենասեր մարդ։ Նրան ճանաչում եմ շատ վաղուց, ունեմ մտերիմ, ընկերական հարաբերություններ։ Պատրաստ եմ համախմբվել ցանկացածի շուրջ, որն ի վիճակի կլինի լուծել այն հարցը, որը դրված է մեր բոլորի առջև։ Ցանկացածի շուրջ՝ այդ թվում Արման Թաթոյանի»,-ասաց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Թուրքիան չի ասում, որ առանց նախապայմանների պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները
- Արթուր Վանեցյան. Լավ ապրելու խոստում տված իշխանության օրոք թանկացել են գազը, հոսանքը, սնունդը, բարձրացել է միայն չինովնիկների աշխատավարձը
- Արթուր Վանեցյանը՝ իշխանություններին ու ուժային կառույցներին. Արդեն ուշ է
- Արթուր Վանեցյան. Սկսում ենք պայքարի վճռական փուլը, վաղը ժամը 15։30-ին Ազատության հրապարակում եղեք