Արման Թաթոյան. Հայաստանի լրջագույն մարտահրավերներից է հասարակության պառակտվածությունը
«Հայաստանի լրջագույն մարտահրավերներից մեկն այն է, որ հասարակությունը պառակտված է։ Հայաստանում բացակայում է ներքին համերաշխությունը»,-ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Սարյան պուրակում հրավիրած հանրային քննարկման ժամանակ։
Նա ցավով նշեց, որ վերջին տարիներին հատկապես առաջ բերվեցին ու մղվեցին պառակտիչ դիսկուրսներ, որոնք հասարակության համար ունենում են կործանարար հետևանքներ։
«Սկսած նախկին-ներկա, սև-սպիտակ, ծախված-չծախված. Սրանք բոլորը արհեստական դիսկուրսներ են, որ հատկապես այս վերջին մի քանի տարիների ընթացքում, առավելապես 2018-ից հետո դարձել են մեր հետընթացի հիմնական պատճառները, կամ դրանք հանգամանքներ են, որ թույլ չեն տալիս առաջընթաց ապրել»,-ասաց նա։
Թաթոյանն ընդգծեց, պետք է սրանից վեր կանգնել, ժողովուրդն ունի նույն խնդիրները, մարտահրավերները, պետք է վեր կանգնի այս հակասություններից, որպեսզի կարողանա առաջընթաց ունենալ։
«Հակառակ պարագայում մենք միշտ կռիվ ենք տալու նախկիների, պատրանքների հետ, մինչդեռ մեր թշնամիներն ամենևին էլ երկրի ներսում չեն, մենք արտաքին մարտահրավերներ ունենք, որոնք օրհասական բնույթի են»,-նշեց նա։
Թաթոյանի խոսքով, սա էլ իր հերթին հանգեցրել է կառավարման խնդիրների։
«Հայաստանի Հանրապետությունում այսօր տեղի է ունենում պետության պարզապես կուսակցանացում, իշխանությունը գտնվում է մեկ քաղաքական ուժի ձեռքում։ Դրանից բացի պետական մարմինները ծառայեցվում են մեկ կուսակցության շահերին, և պետական ինստիտուտներն օգտագործվում են այդ քաղաքական ուժի հնարավարությունը մեծացնելու համար»,-ասաց նա։
Թաթոյանի խոսքով, դրա հետևանքով խաթարվել է իշխանության բաշխման, ժողովրդավարության համակարգն ամբողջությամբ։
Նախկին պաշտպանը խոստովանեց, նման ֆորատով վաղուց էր ուզում հանդիպել քաղաքացիների հետ, կիսվել մտահագություններով, քննարկել խնդիրները, միասին առաջարկեն լուծումներ։ Սակայն կարգավիճակը թույլ չէր տալիս։ Նախկին ՄԻՊ-ն ասաց՝ մշտապես առաջնորդվել է սկզբունքով, որ ժողովրդին պետք է ներկայացվի ճշմարտությունը, թույլ չի տվել, որ ազնվությունը լքի իրեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին