
Արմեն Գրիգորյան. Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե որ տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։
Այդ մասին նա ասել է «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան։
«Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկի մեջ անընդունելի ոչինչ չկա:
Ասել ենք նաեւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս 90-ականների սկզբին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար ոչ թե տարածքային, այլ ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների հարց է:
Բայց Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որոշ հայտարարություններ հստակ պարզաբանման անհրաժեշտություն են առաջացնում:
Այդ հայտարարությունների համատեքստում՝ կարծում ենք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի»,-ասել է Ա. Գրիգորյանը։