Նոր եկող իշխանությունները պետք է դուրս գան Արևելք-Արևմուտք անհասկանալի վեկտորային խաղերից և ունենան հստակ բալանսավորված քաղաքականություն. Վահե Հակոբյան
«Հնարավոր է, որ մենք կորցնենք սփյուռքը որպես միասնական միավոր, եթե շարունակենք այսօրվա քաղաքականությունը, իսկ եռամիասնությունը՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ, առանց մեկը մյուսի չի կարող երկար գոյատևել»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը «Լույս թունելի վերջում» խորագրով պանելային քննարկման ժամանակ:
Հայտարարելով, որ հայ ժողովրդի մեջ ձևավորվել է կոնսենսուս՝ պատգամավորը շեշտեց, որ այն առանց Նիկոլ Փաշինյանի է, իսկ ընդդիմության ապակենտրոնացված պայքարը տալիս է իր արդյունքները:
Նկատելով, որ իշխանություններն ամեն գնով ցանկանում են խաղաղության պայմանագիր կնքել և բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ Վահե Հակոբյանն հարց հնչեցրեց, թե այն արվում է ՀՀ տարածքային ամբողջականությա՞ն, Արցախի՞, թե գերիների՞ հաշվին:
Հակոբյանը հայտարարեց, որ նման խաղաղությանը դեմ են, բայց դեմ չեն հարևանների հետ բնականոն հարաբերությունների հաստատմանը:
«Հայկական կողմն ասում է մենք գնում ենք խաղաղության դարաշրջան բացելու, մյուս թևից թուրք-ադրբեջանական կողմն առաջ է բերում 5 կետ, որն անվանում է սկզբունք, որպեսզի հետագայում այն փոխարինեն Մադրիդյան սկզբունքներին»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Թուրքական կողմն ամեն ինչ անում և ձգտում է, իսկ հայկական կողմն էլ նպաստում է, որ ԵԱՀԿ-ի մինսկի խումբը վերացնի իր գործունեությունը, քանի որ իրենց այն ձեռք չի տալիս, քանի որ այդ կառույցի ներքո է մշակած Մադրիդյան սկզբունքնեը, որոնք հայանպաստ են»:
Ըստ Վահե Հակոբյանի՝ պետք է տարանջատել հայ-թուրքական հարաբերությունները, հայ-ադրբեջանականից:
Համոզմունք հայտնելով, որ այս իշխանությունները շուտով հեռացվելու են՝ պատգամավորն ասաց. «Նոր եկածները պետք է դուրս գան Արևելք-Արևմուտք անհասկանալի վեկտորային խաղերից և ունենան հստակ բալանսավորված քաղաքականություն: Թող այն լինի կոնկրետ ուղղվածության, որպեսզի մյուս կողմերն էլ հասկանան, թե այս երկիրը, որ ուղղությամբ է գնում, բայց, կրկնում եմ, կարևոր է նաև ուղղությունների բալանսավորումը»:
Նա հայտարարեց, որ իշխանությունների պնդումները, թե ընդդիմությունը դրդում է պատերազմի, մանիպուլյացիա է և շեշտեց, որ ընդդիմությունը հիմնվում է խաղաղություն երկու պայմանագրի՝ ռազմական փոխգործակցության մասին ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ ստորագրված փաստաթղթերի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի մանդատ ստացած չի կարող բաժանել Հայաստանի, աշխարհասփյուռ և Արցախի հայությանը. Մետաքսե Հակոբյան
- Իշխանությունը հայի գենետիկ կոդին հակառակ բաներ է ասում. Աբրահամ Գասպարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները