«Երգի և խոսքի վարպետը». Վլադիլեն Բալյան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում երեկ անցկացվել է «Երգի և գործի վարպետը» խորագրով հուշ ցերեկույթ՝ նվիրված անվանի հայ կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանի ծննդյան 98-ամյակին:
Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Վ. Բալյանի ծննդյան տարեդարձին այս տարի առաջին անգամ ներկա չէր ինքը՝ Մաեստրոն:
Տուն-թանգարանից հայտնում են, որ միջոցառման հյուրերն էին կոմպոզիտորի ընտանիքի անդամները, ականավոր երաժիշտներ և մշակութային գործիչներ: Մեծ արվեստագետի և անհատի հետ ունեցած համագործակցության և բարեկամության մասին անմիջական հուշերով կիսվեցին տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ԵՊԿ պրոֆեսորներ Արմեն Բուդաղյանը և Ալինա Փահլևանյանը, սիրված երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանը և կոմպոզիտորի որդին՝ ճարտարապետ Կարեն Բալյանը:
Ցուցադրվել է տուն-թանգարանի գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանի պատրաստած «Երգի և գործի վարպետը» խորագրով փաստագրական տեսաշարը, որում տեղ էին գտել Վ. Բալյանին առնչվող բացառիկ նյութեր թանգարանի արխիվից:
Համերգային բաժնում հնչել են Մաեստրոյի թե՛ նշանավոր և թե՛ հազվադեպ կատարվող ռոմանսները: Ելույթ ունեցան մեներգիչներ Դիանա Հարությունյանը (սոպրանո) և Արսեն Գևորգյանը (բարիտոն)՝ ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ:
Հուշ ցերեկույթի ավարտին անսպասելի անջատվել է էլեկտրականությունը, և հյուրերը բջջային հեռախոսների լույսերի ներքո, կիսամութ դահլիճում միաձայն երգել են Մաեստրոյի «Ամպեց, կորավ լուսընկան» երգը: