Հային հայի դեմ չենք հանելու, պայքարում ենք անվտանգ երկիր, բարեկեցիկ հայրենիք ունենալու համար. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում բացառեց ընդդիմության կողմից որևէ անօրինական գործողության իրականացում։
«Իշխանական թևը հասկանալով, որ ժողովուրդն իրապես արթնացել է, դուրս է գալու փողոց, լինելու է շատ բազմամարդ հանրահավաք, փորձում է ամեն կերպ մարդկանց հետ պահել հանրահավաքին մասնակցելուց՝ խոսելով այն մասին, որ լինելու են զինված խմբեր, հրահրելու են կռիվներ ու անկարգություններ, լինելու են կրակոցներ։
Ուզում եմ հստակ ասել՝ մեր կողմից որևէ նման մտադրություն չկա։ Համոզված ենք՝ մեր ժողովուրդը դուրս է գալու ցույցի, այսօր ժամը 16։00-ին մասնակցելու է հանրահավաքին։ Ժողովրդի այն քանակը, որ դուրս է գալու փողոց, լինելու է այնպիսին, որ կարողանալու ենք շատ արագ հաջողել ու հասնենք մեր առջև դրված առաջին նպատակին՝ այն է ժողովրդի ճնշման ներքո իշխանությունների հրաժարականը»,- ասաց Վանեցյանը։
Նա խնդրեց չտրվել սադրանքների, չխաբնվել. «Հայաստանում հայերի հետ որևէ խնդիր չունենք, հային հայի դեմ չենք հանելու, մենք ենք պայքարում անվտանգ երկիր, բարեկեցիկ հայրենիք ունենալու համար»։
Վանեցյանը նշեց, որ որևէ պարագայում որևէ սադրանքի չեն տրվելու և որևէ ապօրինի գործողություններ չեն կատարելու։
«Բայց դա չի նշանակում, որ չենք լինելու վճռական։ Մենք լինելու ենք վճռական, օգտվելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր գործիքներից, ապացուցելու ենք, որ մենք շատ ենք, կանք, համաձայն չենք այս իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետ», - ասաց Վանեցյանը։
Ընդդիմադիր քաղաքական գործիչը դիմեց ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին, պատրաստակամություն հայտնեց աջակցել հնարավոր հանցագործությունների բացահայտմանը, որոնց մասին ազդարարել են իրենց հայտարարություններում.
«Եթե կան օպերատիվ տեղեկություններ, որ այսօր մեր հանրահավաքին ինչ-որ խմբեր փորձելու են ապօրինություն անել, ուժ գործադրել, զենք կիրառել, խնդրում եմ զանգեք, եկեք խոսենք, և ես պատրաստ եմ աջակցել այս հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ»։
Դիմելով ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցներին՝ Ա. Վանեցյանն ասաց, որ չտրվեն սադրանքների, չկատարեն ապօրինի հրամաններ, գործել բացառապես իրենց լիազորությունների շրջանակներում. «Ձեր առջև կանգնած են ձեր հայրենակիցները՝ հայերը, որոնք դուրս են եկել պայքարի նաև ձեր համար, ձեր ընտանիքների համար, որպեսզի վաղն ապրեք լավ երկրում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին