Տիգրան Աբրահամյան. Պատերազմը կանխելու, խաղաղության համար պետք է զինել բանակը
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի բանակը չի վերազինվելու, չի ուժեղանալու, մինչդեռ խաղաղության համար այն կարևոր գործոն է։
«Ինչ ընդդիմադիր ուժերն ակտիվացել են, իշխանությունը փորձում է հերթական անգամ հանրությանը մոլորեցնել։ Նրանք փորձում են մարդկանց համոզել, որ իրենք ձգտում են խաղաղության, իսկ այս հրապարակում հավաքված քաղաքացիները պատերազմ ենք ուզում։ Մենք հարցնում ենք, լավ, ի՞նչ եք անում, որ ապահովեք Արցախի ու Հայաստանի անվտանգությունը։ Ոչ մի բան չեն անում։ Ավելի ճիշտ անում են՝ բանակն են վարի տալիս, պետությունն են քանդում, Ադրբեջանի հետ Հայաստանի և Արցախի հանձնում են պայմանավորվում։ Կարճ ասած, իրենց արածը կապիտուլյացիայի երկրորդ փուլի ապահովումն է»,-ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում։
Անվտանգության հարցերով փորձագետն այս իշխանություններին հիշեցնում է, որ խաղաղության կարևոր երաշխավորը մարտունակ բանակն է։
«Հենվ մենք խոսում ենք բանակի մարտունակության, դրա բարձրացման մասին, մեզ ասում են՝ գիտե՞ք, դուք ձգտում եք պատերազմի, իսկ մենք՝ խաղաղության։ Մեր տարածաշրջանում տարիներ շարունակ խաղաղության, անվտանգության, կայունության երաշխավորը եղել է ուժեղ ու մարտունակ բանակը։ Մենք գալու ենք ու վերականգնելու ենք մեր բանակը, վերականգնելկու ենք հայի արժանապատվությունը, մեր սպաներին, կամավորականներին, զինվորներին։ Այս ամենը մենք անելու ենք՝ ոչ թե նոր պատերազմ սանձազերծելու, այլ պատերազմը կանխելու համար»,-ասաց նա։
Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է, որ Հայաստանի բանակ ունենալուն դեմ է Ադրբեջանը։
«Ի՞նչ է ասում Ադրբեջանը։ Ասում է՝ բանակ չես ունենալու, պետություն չես ունենալու, ինչ օրակարգ դեմ տամ, ստորագրելու ես։ Սրանք ասում են՝ Արցախն են ուզում, տանք, սրանով կինոն կվերջանա։ Չի վերջանա, որովհետև ասելու են Սյունիը տվեք, հետո ասելու են՝ Երևանը տվեք։ Մենք ժամանա՞կ ունենք, սպասենք, տեսնենք, Ադրբեջանն ի՞նչ է ուզում, սրանք ի՞նչ են հանձնում։ Մենք ենք իրական խաղաղության կրողները, մեր ժողովրդին վերադարձնելու ենք երկարաժամկետ խաղաղությունը և կայունությունը»,-ասաց նա։
Աժ պատգամավորն ասաց՝ իրեն շատ են հարցնում, որ Նիկոլին քշենք, ի՞նչ է լինելու։
«Դրանով 2-3 տասնյակ հարց միանգամից լուծվելու է։ Մենք հնարավորություն ենք ունենալու կանգնեցնել Հայաստանի ու Արցախի գահավիժումը, հնարավորություն ենք ստանալու մեր երկիրը դուրս բերել ճահճից, մեջքներս ուղղելու հնարավորություն ենք ստեղծելու»,-ասաց նա։
Աբրահամյանը հիշեցրեց, ամիսներ շարունակ ԶՈւ գլխավոր շտաբը գլխատված է, ասաց՝ պետք է խնդրեն ԶՈւ ստեղծման, կազմավորման գործում ավանդ ունեցող ու ԶՈւ-ից հեռացած կամ մեկուսացած մարդկանց վերադառնալ բանակ։
«Միայն զինված ուժերն ուժեղացնելով կարող ենք կանխել պատերազմը, պետք է ստեղծել ճկուն, մոբիլ, տեխնոլոգիաներով հարուստ բանակ, միայն այդ դեպքում կարող ենք ունենալ բաղձալի խաղաղություն»,-ասաց նա։
Անդրադառնալով իշխանության այն հայտարարություններին, թե վերջին երեք տարում 280 մլն դոլար ներդրում են արել բանակում, Տիգրան Աբրահամյանը նշեց, դրա զգալի մասը ծախսվել է այն ՍՈւ-երի ձեռք բերման համար, որոնք պատերազմի ժամանակ չօգտագործվեցին, քանի որ մարտագլխիկ չունեին, Հորդանանից ձեռք բերված այն զենքերի համար, որոնք կիսատ-պռատ գործեցին, 100 մլն-ի սպառազինության գործարքը կնքվել էր մինչև 2018 թ.-ն։
«Սրանք բանակի համար ոչինչ չեն արել։ Այս իշխանության պաշտոնավարումը շարունակելու դեպքում մենք բանակը վերազինելու, խաղաղության որևէ շանս չենք ունենալու»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խոստացեք՝ մեր տղաներին գիտակցված սպանության ուղարկածը պետք է պատասխան տա. Գեղամ Նազարյան
- Նիկոլ, իրավիճակին չես տիրապետում. Իշխան Սաղաթելյան
- Մենք վերջ ենք տալու պառակտմանը, սևերի ու սպիտակների բաժանմանը. Արամ Վարդևանյան
- Չկա այլևս ստի իշխանությունը, մարդիկ ելնում են ոտքի. Գեղամ Մանուկյան
- Գնացեք՝ հանուն փրկության. Արթուր Վանեցյանի կոչը՝ իշխանությանը
- Մենք մանդատ չենք տվել կոլլաբորացիոնիստների հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվելու համար. Ասպրամ Կրպեյան
- Այստեղից ոչ մի տեղ չենք գնալու, քանի հաղթանակը մերը չլինի և հաղթանակը մերն է լինելու. Աննա Գրիգորյան
- Արթուր Խաչատրյան. Լաոն զարթնել է, թույլ չի տա նոր կորուստներ