Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան
«Ժողովուրդ ջան, այնքան շատ եք ու այնքան լավը»,- Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած համազգային հանրահավաքին ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող,ԱԺ փոխնախագահ, Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց՝ ամենևին պատահական չէ, որ այսօր Ֆրանսիայի հրապարակում գտնվում են Բաշ Ապարանից, Սարդարապատից բերված դրոշներն ու ջահերը, քանի որ հնչել է զարթոնքի զանգը. «Նոր Բաշ Ապարանի, Սարդարապատի և հայ ժողովրդի նոր զարթոնքի զանգը»։
Իշխան Սաղաթելյանը մի քանի արձանագրում արեց։ Նա նախ նշեց, որ անցող մեկ շաբաթվա ընթացքում հայ ժողովուրդն ապացուցեց՝ ոտքի է կանգնել և մերժում է օրվա իշխանության քաղաքական գիծը։ «Օրվա իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը դուրս եկավ փողոց և միասնական ամբողջ աշխարհին ասաց, որ ինքն իր ճակատագրի և ապագայի տերն է։ «Հայ ժողովուրդն է որոշում, որ տեր է Արցախին, տեր է Հայաստանին, որ հայ ժողովրդի ճակատագիրն Ալիևից և Նիկոլից կախված չէ»,- ընդգծեց նա։
Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում հայտարարել են՝ մայիսի 1-ը հայ ժողովրդի զարթոնքի օրն է, պատմական օր է, միասնականության, համախմբվածության, մեջքն ուղղելու և վերջնական հաղթանակի գնալու սկիզբն է:
Իսկ այսօր, ըստ Իշխան Սաղաթելյանի, պետք է ցույց տան, որ ներկայիս իշխանությունները ոչ միայն մանդատ չունեն, այլ նաև իշխանություն։ «Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի։ Սա է մեր առջև դրված խնդիրը»,- հայտարարեց նա։
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ պատմական օր է, քանի որ փաստեցին՝ հայ ազգը ծնկի չի եկել, ծնկի էր եկել ընդամենը մի խմբակ, որը երկիրը տարավ պարտության։ «Ուրեմն միասին՝ թև-թիկունքի տված գնում ենք առաջ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա ելույթից հետո Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաքի մասնակիցները միասնական սկսեցին երգել «Զարթնիր լաո» երգը։