Եղեք այստեղ ՝ հայրենիքի կողքին, որ հետո չերգենք՝ «տեսնեմ Անին ու ներ մեռնեմ»․ Աննա Աբրահամյան
Այս օրերին ընդդիմադիր քաղաաքական գործիչների և հանրության շարքերում է Աննա Աբրահամյան, որը եկել է Հունաստանից։ Հանրահավաքի ընթացքում ելույթի հնարավորություն ստանալով, Աբրահամյանն ասաց․
«Մենք կգնանք այն քայլին, որին սպասում է ողջ հայությունը, որտեղ էլ որ լինի՝ Արցախ , Սփյուռք, Հայաստան, միշտ միասնական ենք։ Այս պայքարը, թող լավ լսեն մեր բոլոր թշնամիները, հատկապես՝ սահմանից անդին, հատկապես այն թշնամիները, որոնք այս դավադիր պատերազմը, դավադիր ծրագիրը հյուսեցին մեր դեմ և այսօր ուզում են ներկայացնել, որ իրենք են վայելելու մեր հայրենիքը։ Լավ լսեք, ձեր ծրագիրը՝ պառակտել Հայոց եռամիասնությունը, չի ստացվել, չի ստացվում և չի էլ ստացվելու երբեք»։
Աննա Աբրահամյանը ընդգծեց, որ պատերազմից հետո ընդդիմությունը ողջ հանրությանը ներկայացրել է դավաճանության բոլոր թեզերը,բոլոր փաստարկները՝ ամենայն մանրամասնությամբ։
«Ես գտնում եմ, որ մենք պատրաստ ենք գիտակից պայքարի, որի տրամաբանական ավարտը՝ դավաճանության արժանի պատիժն է։ Պատիժ՝ ըստ ՀՀ գործող օրենսդրության։ Այնուհետև կառուցել մեր հայրենիքը այնպես, ինչպես ցաանկանում ենք մենք, ինչպես մեր ազգայնամետ քաղաքական ընդդիմադիր ուժերը կկարողանան համախմբվել և գործել՝ ամենախրթին աշխարհաքաղաքական պայմաններում։ Նրանց առջև շատ մեծ գործ է։ Մենք պետք է կանգնենք բոլորս մեր տեղում, մեր գործով սատարենք այս պայքարի տրամաբանական ավարտին ու շարունակությանը»,- շարունակեց նա։
Աբրահամյանը նաև դիմեց սփյուռքահայությանը՝ կոչ անելով գալ հայրենիք և մասնակցել ակցիաներին։
«Եկեք բոլոր երկրներից և մի սպասեք ձեր արձակուրդին ՝ հուլիսին, օգոստոսին, երբ արևը շատ գեղեցիկ կժպտա Երևանի երկնքին։ Արևը մենք ենք, մենք պետք է ժպտանք այս անձրևի և քամիների մեջ։ Մենք պետք է ետ բերենք իրական ժպիտների քաղաք Երևանը, քրիստոնեական սերն ու համերաշխությունը։ Եղեք այստեղ ՝ հայրենիքի կողքին, որ հետո չերգենք՝ «տեսնեմ Անին ու ներ մեռնեմ»։ Հոս եկեք, հոս է կռիվը, հոս է պայքարը»,- ասաց սփյուռքից ժամանած մեր հայրենակիցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան