Ինչո՞ւ է առավոտյան ցավում գլուխը
Առավոտյան հաճախակի գլխացավերի պատճառ կարող են լինել արյան ճնշման տատանումները, հորմոնների հետ կապված խնդիրները և ջրազրկումը։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է բժիշկ-թերապևտ Օլեգ Աբակումովը:
«Առավոտյան գլխացավը կարող է լինել առաջին ազդանշանը, որ դուք ունեք հիպերտոնիա, հատկապես, եթե ցավեր ունեք ծոծրակի հատվածում և այն ուղեկցվում է ականջներում աղմուկով: Այս ամենը տեղի է ունենում արյան անոթների նեղացման և ճնշման բարձրացման պատճառով»,- ասել է բժիշկը և հավելել, որ ցավը նաև կարող է առաջանալ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման և դրա արտադրած հորմոնների քանակի կտրուկ նվազման պատճառով։
Ըստ մասնագետի՝ գլխացավի պատճառը կարող է լինել քթի լորձաթաղանթի բորբոքումը։ Նրա խոսքով՝ եթե լորձաթաղանթը բորբոքված է, ապա նյարդերի վերջավորությունների վրա ճնշում է գործադրվում, իսկ դա ցավ է պատճառումը։ Ապնոէի դեպքում (շնչառության կանգը, որն առաջանում է քնի ժամանակ) նույնպես գլխացավեր են առաջացնում:
Առավոտյան գլխացավերը հաճախ պայմանավորված են լինում օրվա ընթացքում օգտագործված հեղուկի քիչ քանակությամբ։
«Եթե ցերեկը բավականաչափ ջուր չեք խմում, ապա գիշերվանից հետո օրգանիզմը տհաճ արձագանքներ կտա։ Օրգանիզմում ջրի կորուստը լարվածություն է առաջացնում գլխի արյունատար անոթներում, արյունը բավականաչափ թթվածնով չի հագեցվում, ինչն էլ առաջացնում է գլխացավ»,- ընդգծել է Աբակումովը։