Լրագրողական կազմակերպություններ. Դեկտեմբերի 6-ին ԶԼՄ-ների 2 ներկայացուցիչ ենթարկվել է բռնության
Լրագրողական մի քանի կազմակերպություններ տարածել են հայտարարություն դեկտեմբերի 6-ին լրագրողների իրավունքների խախտումների մասին:
«Դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, արձանագրվել են այդ իրադարձությունը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների բազմաթիվ խախտումներ՝ ֆիզիկական բռնություններ, օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստեր։
Ցավոք, կրկնվեց այն ամենը, ինչը Հայաստանում տեղի է ունեցել բազմիցս. ընտրությունների և հանրաքվեների ժամանակ ահագնանում են հարձակումներն ու ճնշումները լրագրողների վրա, որովհետև նրանք կարող են խախտել այն ուժերի «խաղաքարտերը», որոնք խտրականություն չեն դնում միջոցների մեջ և «հաղթանակ» են ապահովում ընտրակաշառքների, կեղծիքների, չարաշահումների հաշվին։ Ինչպես միշտ, այս նպատակով լայնորեն օգտագործվեցին թաղային «հեղինակությունների» ծառայությունները։
Այդ գործողությունների հետևանքով, համաձայն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախնական տվյալների, դեկտեմբերի 6-ին ԶԼՄ-ների 2 ներկայացուցիչներ (Ռաֆայել Աֆրիկյանը՝ «iLur.am» լրատվական կայքից և Էդուարդ Ավետիսյանը՝ «Ասպարեզ» օրաթերթից) ենթարկվել են բռնության։ Եվս 13-ը բախվել է մասնագիտական գործունեության տարբեր բնույթի խոչընդոտումների։ Դրանցից ամենանողկալին մայրաքաղաքի Կոմիտասի 56 հասցեում տեղակայված «Այո»-ի շտաբից դուրս եկած կնոջ արարքն է՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ճանապարհը փակելը, հրելն ու նրա վրա թքելը։
ՀՀ դատախազության տարածքային տարբեր ստորաբաժանումները ուղարկել են ԶԼՄ-ների հրապարակումներն ու իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդումները ոստիկանության համապատասխան բաժիններ։ նյութեր նախապատրաստելու համար։ Բայց մեր դիտարկումներն ու փորձը ցույց են տալիս, որ այդ քայլերը, որպես կանոն, ձևական բնույթ են կրում և արդյունք չեն տալիս։ Դրա վառ ապացույցներից է հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի դեպքերով հարուցված քրեական գործը, որում իրադարձություններից շուրջ կես տարի անց ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ լրագրողների դեմ բռնարարքներում չկա։
Մենք՝ ներքոստորագրյալներս, վրդովմունք արտահայտելով արձանագրված բռնությունների և լրագրողական աշխատանքի խոչընդոտման փաստերի վերաբերյալ, պահանջում ենք՝
Հանրաքվեն նախաձեռնած իշխող կուսակցությունից՝
- բացատրություններ տալ երկրի հասարակությանը՝ լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների և խոչընդոտումների վերաբերյալ,
ՀՀ ոստիկանությունից և քննչական մարմնից՝
- մանրակրկիտ և անաչառ հետաքննություն իրականացնել արձանագրված փաստերի առնչությամբ, բացառելով իմիտացիոն մոտեցումները,
ՀՀ դատախազությունից՝
- պատշաճ վերահսկողություն սահմանել վերոհիշյալ իրավապահ մարմինների գործողությունների նկատմամբ և հետևողականություն ցուցաբերել լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները խախտողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար»:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան