Երևանում՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ և բախումներ ոստիկանների միջև
Մայրաքաղաք Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Արդեն փակվել են մի շարք փողոցներ։
Նշենք, որ քիչ առաջ Չարենց-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախում տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
Ոստիկանները հորդորեցին փողոցը բացել, սակայն ակցիայի մասնակիցները հրաժարվեցին, ինչից հետո ոստիկանները սկսեցին քաշքշել նրանց։ Քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ իրենք խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում և չեն պատրաստվում փողոցը բացել։ Երբ ոստիկանն ասաց՝ պետք չի երկարացնել, փողոցը բացեն, Աշոտյանն արձագանքեց. «Կարող եք բերման ենթարկել, բայց բերանս փակել չեք կարող, եղբայր։ Հետևաբար երկարացնել, չերկարացնել բառը զգույշ օգտագործեք»։
Մեկ այլ ոստիկանն էլ նկատեց, թե ոստիկաններն իրենց գործն են անում, Արմեն Աշոտյանը նրան պատասխանեց. «Եթե ուզում եք ծառայել ձեր հրամանատարներին, հրաման տվող ոչ հայկական քաղաքականություն իրականացնող մարդկանց...»։ Ոստիկանն ընդհատեց նրա խոսքն՝ ասելով, թե պետությանն են ծառայում, ՀՀԿ փոխնախագահն էլ նկատեց, որ այստեղ հավաքված մարդիկ էլ են պետության համար դուրս եկել փողոց, նրանք էլ պետության համար են պայքարում։
Դրանից հետո ոստիկաններից մեկը նշեց, թե եթե իրենց հրամանին չենթարկվեն, ապա բերման են ենթարկելու։ «Դուք ձեր գործն եք անում, մենք՝ մեր գործը»,- ասաց ոստիկանը, սակայն Արմեն Աշոտյանը նկատեց, որ իր գործը ճանապարհ փակելը չէ։
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ նշեց, որ եթե ոստիկանը ծառայության մեջ չլիներ, ապա նա էլ կմիանար իրենց։
Երբ ոստիկանն Արմեն Աշոտյանին ասաց, թե իրենք էլ են կռվել, ՀՀԿ փոխնախագահը նկատեց, թե այդ դեպքում հիմա ինչի են հակառակ ճամբարում։
Դրանից հետո ոստիկանների և ակցիայի մասնակիցներ միջև սկսվեց բախումը։ «Նիկոլը ոնց ճանապարհ փակելով եկել ա, ճանապարհ փակելով էլ ճամփելու ենք»,- նշեցին ակցիայի մասնակիցները։ Դրանից հետո ոստիկանները բռնի ուժ կիրառելով մի քանի հոգու բերման ենթարկեցին։ «Էս ա ձեր ոստիկանությունը, խուժանի պես եք ձեզ պահում»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Հետո ոստիկանները պատ կազմեցին, որպեսզի քաղաքացիներն առաջ չգնան։
Դրանից հետո Չարենց փողոցի հատվածում ոստիկանական մեծ ուժեր կուտակվեցին։ Նրանք քաղաքացիներին կոչ արեցին բացել փողոցը, վերջիններս հրաժարվեցին, ինչից հետո նորից սկսեցին բռնի ուժ կիրառելով բերման ենթարկել նրանց։
Ոստիկանների և ակցիայի մասնակիցներին փորձեցին կանգնեցնել ԱԺ «Պատվի ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին