Կինոկենտրոնը դարձել է Կինոարխիվների միջազգային ֆեդերացիայի ասոցացված անդամ
Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսուհետ հանդիսանալու է Կինոարխիվների Միջազգային (FIAF) ասոցիացիայի ասոցացված անդամ, ինչը կարևոր ու նշանակալից ձեռքբերում է։ Բարձր գնահատելով Կինոկենտրոնի վերջին տարիների գործունեությունը հայկական կինոժառանգության պահպանման, վերականգնման և հանրայնացման գործում, FIAF-ի գործադիր կոմիտեն պաշտոնապես հաստատել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի անդամակցության հայտը ս․թ․ ապրիլի 27-ին՝ Բուդապեշտում կայացած Կինոարխիվների միջազգային վեհաժողովի համագումարին։ Այս մասին հայտնում են Ազգային կինոկենտրոնից։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում էր կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը, որը հանդես է եկել ամփոփ զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի արխիվային հավաքածուները, ֆիլմերի վերականգման նախագծերը և հայ կինոժառանգության միջազգային հանրայնացմանը միտված մոտալուտ ծրագրերը։ Վեհաժողովի ընթացքում կայացած աշխատանքային բազմաթիվ հանդիպումների շնորհիվ ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ մի շարք խոշոր հաստատությունների՝ Կալիֆորնիայի համալսարանի կինո և հեռուստատեսության արխիվի, Բոլոնիայի Il Cinema Retrovato կինոփառատոնի, Լիսաբոնի և Տուլուզի սինեմատեկաների, Էստոնիայի կինոթանգարանի, Բուլղարիայի և Ֆիլիպինների ազգային կինոարխիվների, Ջորջ Իսթման թանգարանի և այլ կազմակերպությունների հետ։
Առաջիկա համագործակցությունների շրջանակներում՝ Հայ կինոյի 100-ամյակի, ինչպես նաև Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումներն են։ FIAF-ի անդամները նաև իրենց պատրաստակամությունն են արտահայտել մասնագիտորեն աջակցել Հայաստանի ազգային կինոկենտրոնին՝ կինոժառանգության արխիվացման և վերականգման գործը Հայաստանում զարգացնելու հարցում։
Կինոարխիվների միջազգային ֆեդերացիան, (FIAF)-ը, որը հիմնադրվել է Փարիզում 1938 թ., համախմբում է կինոժառանգության ոլորտում աշխարհի առաջատար հաստատությունները: Ֆեդերացիայի անդամներն իրենց բնութագրում են որպես «20-րդ դարի արվեստի ձևերի պաշտպաններ»։ Նրանք պատասխանատու են գտնելու, հավաքելու, պահելու և դիտելու ֆիլմեր և տեսանյութեր, որոնք հավասարապես գնահատվում են որպես արվեստի գործեր և որպես պատմական ապացույցներ: 2021թ. տվյալներով ֆեդերացիային անդամակցում են 92 մշակութային հաստատություններ աշխարհի տարբեր երկրներից և ևս 80 կազմակերպություն համագործակցում է FIAF-ի հետ, որպես ասոցացված գործընկերներ: