Բիլ Գեյթսը չի բացառել, որ կարող է կորոնավիրուսի ավելի մահացու շտամ ի հայտ գալ
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը The Financial Times-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսի ներկա համավարակը նախկինի պես սպառնում է մարդկությանը, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Այս համաճարակը դեռ սպառնում է մեզ այնպիսի տարբերակի ի հայտ գալով, որը կլինի էլ ավելի վարակիչ և նույնիսկ ավելի ճակատագրական: Սա քիչ հավանական է, ես չեմ ուզում լինել դատապարտության և խավարի ձայնը, բայց կա ավելի քան 5% հավանականություն, որ պանդեմիայի ընթացքում մենք դեռ չենք տեսել նրա ամենասարսափելի դրսևորումը»,- ասել է Գեյթսը։
Այս կապակցությամբ նա կոչ է անում աշխարհին ստեղծել միջազգային փորձագետների խումբ՝ համաճարակաբաններից մինչև համակարգչային մոդելավորողներ՝ արագ բացահայտելու գլոբալ առողջության սպառնալիքները, ինչպես նաև բարելավելու երկրների միջև համակարգումը։
Գեյթսն ընդգծում է, որ նոր համաճարակի կանխարգելման համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ։