
Թուրքիայի պաշտպանության նախարարը Հունաստանին մեղադրում է բարիդրացիության ոգին խախտելու և սադրանքների մեջ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկուշաբթի օրը Հունաստանին մեղադրել է Անկարայի դեմ սադրիչ գործողությունները շարունակելու մեջ։ Նրա խոսքով՝ դրա վերջին օրինակը Հունաստանում ՆԱՏՕ-ի Tiger Meet զորավարժություններին մասնակցելու Թուրքիայի հրավերի չեղարկումն է։
«Հունաստանը մշտապես, այդ թվում միջազգային զորավարժությունների ժամանակ, որոշակի նախաձեռնություններ է անում մեր երկրի դեմ»,-նախարարի հայտարարությունները մեջբերում է TRT հեռուստաալիքը։
«Մենք հրաժարվել ենք Tiger Meet զորավարժություններին մասնակցելուց, ասել ենք, որ չենք գնալու այնտեղ, ասել ենք, որ թույլ չենք տա մեր դեմ ուղղված նախաձեռնությունների իրականացումը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հավելել է Աքարը։
Tiger Meet զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Հունաստանում մայիսի 9-ից 20-ը։ Թուրքիայից ծրագրված էր արևմուտքում գտնվող Բալիկեշիր քաղաքի ռազմաօդային ուժերի բարձրագույն հրամանատարության բազայից F-16 կործանիչների մասնակցություն։
Հունաստանի գլխավոր ավիացիոն շտաբը չեղարկել է Tiger Meet զորավարժություններին մասնակցելու Անկարայի հրավերը «թուրքական օդուժի կողմից Հունաստանի օդային տարածքի մշտական խախտումների պատճառով»։ Թուրքիան ապրիլի 22-ին Հունաստանին տեղեկացրել է, որ հրաժարվում է մասնակցել զորավարժություններին իր հասցեին ուղղված «անընդունելի հայտարարությունների» և զորավարժություններին ուղեկցող փաստաթղթից համապատասխան մեղադրանքները հանելու առաջարկը մերժելու պատճառով։