Հաղթանակ կամուրջի մոտ ոստիկանությունը ուժով բերման ենթարկեց մի շարք քաղաքացիների
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայրաքաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ։ Այսօրվանից մեկնարկել են անհնազանդության ակցիաները և ինչպես «Դիմադրություն» շարժման կազմակերպիչներն են հայտարարել, դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։
Հաղթանակ կամուրջի մոտ ևս բազմաթիվ քաղաքացիներ փակել են ճանապարհը։ Նրանց հետ են ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, փաստաբան Ալեքսանդ Կոչուբաևը։ Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են բերվել։
Քաղաքացիները նշեցին՝ թույլ չեն տա, որ Հայաստանը թուրքին տան։ «Մենք թույլ չենք տա, որ մեր երեխաները թրքանան, մենք մեր հավեսի համար չենք դուրս եկել փողոց, մենք մեր և ձեր երեխաների համար ենք այստեղ»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Դրանից հետո ոստիկանները սկսեցին բռնի ուժ կիրառելով ճանապարհից հեռացնել և բերման ենթարկել քաղաքացիներին, այդ թվում՝ Ալեսքսանդ Կոչուբաևին։ Երբ վերջինիս ուժով փորձում էին մտցնել ոստիկանական մեքենա, նա ասաց, որ փաստաբան է, սակայն ոստիկանները նկատեցին, թե դա կապ չունի ու սկսեցին ուժ գործադրել։ Նրան տապալեցին գետնին և միայն քաղաքացիների հորդորից հետո բաց թողեցին։
Ոստիկանները բռնի ուժ կիրառեցին նաև ձեռնափայտով մի քաղաքացու նկատմամբ։ «Հայ ենք, մեր իրար դեմ կռիվ չունենք, ինչ եք անում»,- ասաց նա։
Հաղթանակ կամուրջը փակած բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառեցին և նրանց մեծ մասին բերման ենթարկեցին, որից հետո բացեցին ճանապարհը։
Փաստաբան Ալեքսանդ Կոչուբաևը, որի հագուստը պատռվել էր բախման արդյունքում, նշեց. «Սրանք ոստիկաններ չեն, թուրքեր են և ծառայում են Ադրբեջանին։ Ես ընդամենն այստեղ էի, որպեսզի օգնություն ցույց տայի ցուցարարներին»։
Հարակից հրապարակումներ`
- Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացին հետազոտվում է
- 120 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ
- «Ոստիկանը Նիկոլ չի». Փակ է Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկը
- Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում լարված իրավիճակ է
- Երևանում՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ և բախումներ ոստիկանների միջև
- Իշխան Սաղաթելյան. Դուրս արի փողոց, գործ ունենք անելու