Զազը, 50 Cent-ը, Led Zeppelin Symphonic-ը համերգներով հանդես կգան Հայաստանում
«ՀԱՅԱ» նախագծի շրջանակում հուլիսի 1-ին Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ն իր բենդի հետ: Հունիսի 25-ին իր առաջին մեծ մենահամերգով Հայաստանում հանդես կգա ֆրանսիացի սիրված փոփ երգչուհի ZAZ-ը:
Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծը տեղի կունենա հուլիսի 9-ին: Լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, ովքեր ներկա են եղել ծրագրի ցնցող հաջողությամբ կայացած պրեմիերային Լոնդոնում:
Բոլոր երեք համերգները կանցկացվեն Երևանի Հրազդան մարզադաշտում:
««ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Ողջ տարածաշրջանում ՀԱՅԱ փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար և ստեղծում տնտեսական զարգացման նոր խթաններ:
ՀԱՅԱ-ն կշարունակվի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին` Հայաստանում ներկայացնելով ամենասիրված և ականավոր փոփ աստղերի, որոնց անունները շուտով կհրապարակվեն: Նախատեսվում են համերգներ նաև քաղաքից դուրս գտնվող գեղատեսիլ վայրերում, ուր այցելուները կարող են գիշերել վրաններում և մի քանի օր ապրել ՀԱՅԱ-յի «փառատոնային քաղաքում»: Փառատոնի հիմնադիրն է «Երևանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Ստեղծագործական թիմը բաղկացած է մեր երկրի լավագույն մասնագետներից և միջազգային փորձագետներից»,- նշում են «ՀԱՅԱ» նախագծից։
Հարակից հրապարակումներ`
- Երևանյան բեմում Գարուն կատարեց նաև Շառլ Ազնավուրի ու Միշել Լեգրանի երգերից
- Գարուն, Զազը ելույթ են ունենալու Հայաստանում