Օպերայի և բալետի թատրոնի բեմում Սպարտակի դերով հանդես կգա հրավիրյալ մենապարող Ալեքսեյ Շլիկովը
Խաչատրյանական հանճարեղ «Սպարտակ» բալետը մայիսի 8-ին կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։
Օպերայի և բալետի թատրոնից Panorama.am-ին հայտնում են, որ «Սպարտակ» բալետային ներկայացմանը Սպարտակի դերով հանդես կգա հրավիրյալ մենապարող, Կուբանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Շլիկովը:
2002 թվականից Ալեքսեյը Յուրի Գրիգորովիչի անվան Կրասնոդարի բալետի թատրոնի մենապարող է։ Ալեքսեյն իրեն վստահված յուրաքանչյուր դեր կերտում է կատարողական ինքնատիպ ոճով, ինչը բազմիցս նշել է հենց Յուրի Գրիգորովիչը։
«Սպարտակի դերում նրա ոչ միայն ամենաբարդ տեխնիկական շարժումների անթերի կատարումը, այլև նրա յուրաքանչյուր շարժման անբացատրելի ուժն ու սահմանները հանդիսատեսին պահում են հուզական լարվածության մեջ ողջ բալետի ընթացքում: Շլիկովը հանդես է եկել այնպիսի հայտնի ներկայացումներում, ինչպիսիք են Պ.Չայկովսկու «Կարապի լիճը», Լ.Մինկուսի «Դոն Կիխոտը», Պ.Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը», Ա.Ադանի «Ժիզելը»»,- նշում են օպերայի և բալետի թատրոնից:
Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, բեմադրող ռեժիսոր՝ Յուրի Գրիգորովիչ /ԽՍՀՄ ժող. արտիստ/, նկարիչ՝ Սիմոն Վիրսալաձե /ԽՍՀՄ ժող. նկարիչ/։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան