Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործով դատական նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ կենտրոնում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ենթադրյալ կաշառքի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից հայտնում են, ըստ Խուդոյանի՝ դատավորը նիստերից մեկի ընթացքում հայտարարել է, որ պատրաստվում է քննության առնել պաշտպանների միջնորդությունը քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Դատավորը պատրաստվում էր քննել այդ միջնորդությունը 16։00-ին, իսկ մինչ այդ ցանկանում էր անցնել ապացույցների հետազոտմանը։ Ընդ որում՝ պաշտպանները նշել են, որ այդ միջնորդության լուծման արդյունքում հնարավոր որոշումներից մեկը բացառում է հետագա որևէ դատավարական գործողություն։
«Դատարանին ներկայացվել է նաև, որ միջնորդությունը մեղադրանքի պարզաբանման փուլի վերջին հնարավոր գործողությունն է, որի անտեսման դեպքում դատավարությունն ընթանալու է աննպատակ ու ձևական։ Սակայն դատարանը որոշել է իրագործել վերը նշված ընթացակարգը»,-ասաց Խուդոյանը։
Պաշտպանն ընդգծեց, որ միջնորդությունը պայմանավորված է նախագահող դատավորի արհամարհական վերաբերմունքով դատավարության մասնակիցների և առհասարակ դատավարության նկատմամբ։
Ենթադրյալ կաշառքի գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց քննել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։
Նրա խոսքով, միջնորդությունը ներկակացված է եղել նույն հիմքով, ինչ 2021 թ․ հոկտեմբերին։ Իր հերթին պաշտպան Հայկ Ալումյանն առարկեց, որ միջնորդության փաստական հիմքերը տարբեր են։ Սակայն դատավորը հրաժարվեց միջնորդությունը քննելուց։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը նախագահի նկատմամբ։ Պաշտպանը նշեց, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում «մեղադրանք» քրեադատավարական եզրույթին։ Քրեական հետապնդումն այդպիսի մեղադրանքի հիման վրա շարունակելը կբերի Ռ․ Քոչարյանի անմեղության կանխավարկածի և արդար դատաքննության իրավունքի խախտման։ Գործի քննությունն առկա մեղադրանքի շրջանակներում չի կարող շարունակվել։
Ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին, որ այսօր 15։30-ին Վերաքննիչ դատարանում մեկ այլ նիստի պետք է մասնակցի։ Նաև տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվելու է իր պաշտպանյալի՝ կալանքից ազատելու հարցը։
Դատավորն ընդմիջում հայտարարեց՝ դատարանի հետագա գործողությունները քննարկելու։ Այդ ընթացքում Լուսինե Սահակյանը հեռացավ դահլիճից։ Ընդմիջումից հետո Դանիբեկյանը վերադարձավ դահլիճ և հայտարարեց, որ հետաձգում է դատական նիստը մինչև մայիսի 10-ը։
Հարակից հրապարակումներ`
- Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 19-ը
- Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը
- Չենք զարմանա, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրգործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին. Բագրատ Միկոյան
- Դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց
- Դատական նիստն ընդմիջվեց․ սպասում են Ռոբերտ Քոչարյանին և Լուսինե Սահակյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան