Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող
Հունաստանի Հերակլիոն քաղաքում մայիսի 2-ին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը:
Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը սկսել է 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 6 հաջող մոտեցումներից հետո հռչակվել չեմպիոն: Հայ ծանրորդը երկամարտի 240 կգ արդյունքով (108+132) կանգնել է պատվո հարթակի առաջին աստիճանին, հայտնում է ԿԳՄՍ-ն։
Պոկում վարժությունում Չոլակյանն առաջին մոտեցմամբ նախ բարձրացրել է 100, ապա 104 և 108 կգ կշռող ծանրաձողերը և փոքր ոսկե մեդալ նվաճել: Հրում վարժությունում էլ նա նախ գլխավերևում է պահել 125 կգ, ապա՝ 130 և 132 կգ կշռող ծանրաձողերը:
Այս քաշային կարգում արծաթե մեդալը նվաճել է Մեքսիկայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Պուքս Պերալտան՝ երկամարտի 234 կգ արդյունքով, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի ներկայացուցիչ Մուստաֆա Էրդողանը (228 կգ)։
20-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը 2021 թվականի սեպտեմբերին էլ դարձել էր Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության հաղթող:
Այսօր՝ մայիսի 3-ին, Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա և մեդալների համար կպայքարի 61 կգ քաշային Անդրանիկ Պապեյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր է մեկնել ևս 7 ծանրորդ՝ Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան