Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին
ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի՝ Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակի դափնեկիր է դարձել հայ պետական գործիչ, բանաստեղծ, բանասեր-թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Մատենադարանից:
Մրցանակը հանձնել են ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Ղրղըզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը։
Ողջույնի խոսքում ՂՀ խոհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը բարձր է գնահատել Հրաչյա Թամրազյանի պոեզիան, նրա գիտական և թարգմանչական գործունեությունը.
«Ձեր ստեղծագործությունները թարգմանված են մի շարք լեզուներով, դուք նույնպես թարգմանել եք մի շարք հայտնի բանաստեղծների ստեղծագործությունները։ Չինգիզ Այթմաթովի անվան մրցանակի հանձնումը վկայում է Ձեր ստեղծագործության բարձր մակարդակի մասին։ Վստահ եմ, որ Դուք մեզ դեռ շատ կուրախացնեք ձեր ստեղծագործություններով, որոնք ամրապնդում են բարեկամությունը ժողովուրդների միջև»,– նշել է Ասիլբեկ Ժեենբեկովը։
Այս կարևոր մրցանակը շնորհելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ղրղըզստանի Հանրապետության խորհրդարանը։ 2013 թվականի մայիսին ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության և սպորտի մշտական հանձնաժողովը Տամբովում կայացած նիստի ընթացքում առաջին անգամ քննարկել է ԱՊՀ անդամ երկրներին միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան մրցանակով պարգևատրելու հարցը: Մրցանակով պարգևատրվելու համար տարեկան ներկայացվում է մեկ թեկնածություն ԱՊՀ անդամ երկրներից։ Տարեկան միայն մեկ անձ կարող է դափնեկիր դառնալ։
Մրցանակի հանձնման արարողությունը կայացել է Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում կայացած ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում: Այդ օրը Սանկտ Պետերբուրգի գլխավոր զենքից կեսօրյա համազարկը տվել է Հրաչյա Թամրազյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան