2022թ. մարտին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 7.4%. Մարտին Գալստյան
Հրավիրված մամուլի ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ներկայացնելով 2022թ. մայիսի 3-ի նիստում ՀՀ գլխավոր դրամատան խորհրդի որոշումը, հայտնեց, որ անփոփոխ է թողնվել վերաֆինանսավորման 9.25% տոկոսադրույքը:
ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ 2022թ. մարտին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 7.4%, ավելացել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը՝ կազմելով 7.0%:
«Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է և պահպանվում են դրա հետ կապված անորոշությունները, որը բացասաբար է արտահայտվում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական և ֆինանսական շուկայի զարգացումների վրա: Այդ երկրներում տնտեսական աճի տեմպերի՝ սպասվածից արագ դանդաղումն ուղեկցվում է գնաճային միջավայրի ընդլայնմամբ, որը պայմանավորված է արժեշղթաների խաթարումներով և միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճի արագացմամբ: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը կպահպանվի»,-հայտնեց ԿԲ նախագահը:
Նրա տեղեկացմամբ՝ 2022թ.-ի առաջին եռամսյակում դիտվել է ՀՀ տնտեսական ակտիվության՝ սպասվածի համեմատ ավելի դրական զարգացումներ, միջազգային այցելուների զգալի ներհոսքը արտացոլվում է ծառայությունների պահանջարկի աճի վրա, որը նպաստում է ՀՀ արտաքին հաշվեկշռվածության բարելավմանը և արժութային շուկայում դրամի արժևորմանը, ինչն էլ իր հերթին հասցնում է գնաճային միջավայրի թուլացմանը:
«ԿԲ խորհուրդը հետևողական է համարժեք գործողություններով չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին»,-ասաց Մարտին Գալստյանը և հավելեց. «ԿԲ խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը պահպանվում է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան