Սարգիս Հովհաննիսյանի քացի տալու տեսանյութն ուղարկվել է Քննչական կոմիտե
ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի քացի տալու, լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու տեսանյութը դատախազությունն ուսումնասիրելուց հետո ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն։
«Տեսանյութն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութ նախապատրաստելու»,-Panorama.am-ին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։
ԱԱԾ մամուլի կենտրոնի՝ ծառայության կայքում հրապարակված երկու հեռախոսահամարներին ուղղված զանգերն անպատասխան մնացին։
Ավելի ուշ դատախազությունից հստակեցրեցին, քանի որ Սարգիս Հովհաննիսյանը ԱԱԾ աշխատակից է, տեսանյութն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ մարդկանց քացի տալու սովորությամբ, երեկ անհնազադանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողի ու օպերատորի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի հանդեպ։
Լրագրողական կազմակերպությունները երեկ տարածած հայտարարությամբ պահանջեցին ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին։
Ժուռնալիստների միությունը Նիկոլ Փաշինյանից պահանջել էր պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց՝ Սարգիս Հովհաննիսյանի արածն օրենքի կոպիտ խախտում է։
«Դուք դրա իրավունքը չունեք: Վերջ: Չհամարձակվե´ք մյուս անգամ բռնություն գործադրել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ կամ խոչընդոտել նրանց աշխատանքը՝ այն էլ նման արհամարհական պահվածքով»,-նշել էր նա։
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարել էր. «ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է իր քայլն անի՝ համապատասխան գործերի հարուցմամբ արձագանքելով ոստիկանական ակնհայտորեն ապօրինի գործողություններին, ինչպես նաև ՊՊԾ պետի և աշխատակցի գործողություններին տալով քրեաիրավական գնահատական։ Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների՝ ոստիկանական բռնի գործողությունների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների կապակցությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, համապատասխան գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցներին»։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանն էլ տեղեկացրել էր, որ այս դեպքով «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հանցագործության մասին հաղորդում են պատրաստում, կուղարկեն դատախազություն:
«Հույս ունեմ, որ որևէ մեկը չի հորինի, որ լրագրող ծեծելը ևս ինչ որ «պրատակոլով» է (ինչպես հորինում էին մարդ վրաերթելուց հետո չկանգնելն արդարացնելիս)»,-նշել էր նա։
Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի կողմից կիրառած բռնությունը, սպառնալիքը բուռն քննադատության արժանացավ սոցցանցերում։ Օգտատերերից մեկն օրինակ առաջարկել էր, եթե Սարգիս Հովհաննիսյանը քացի տալու սովորություն ունի, ապա պետք է կապել հետևի ոտքերը։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Ոստիկաննները բառացիորեն ծեծում են ՀՀ քաղաքացիներին
- ՀԺՄ. ՊՊԾ պետը ոչ թե առանձին վերցրած անձի անձնական օգտագործման թիկնապահ է, այլ պետական ծառայող
- Թաթոյանը՝ ՊՊԾ պետին ու նրա ենթականերին. Չհամարձակվե´ք
- Տիգրան Աբրահամյան. Սարգիս Հովհաննիսյանի լկտի պահվածքը անպատասխան չպետք է մնա
- Դատախազությունն ուսումնասիրում է ՊՊԾ պետի քացի տալու տեսանյութը
- Իոաննիսյանը հաղորդում կներկայացնի լրագրողների նկատմամբ ՊՊԾ-ի՝ բռնի գործողությունների դեպքով
- ՊՊԾ պետի՝ բռնություն գործադրելու, սպառնալիքի մասին դատախազությունն ասելիք չունի