Ակնհայտ է, որ սև բերետավորները ղեկավարվում են ինչ-որ խմբերի կողմից. Իշխան Սաղաթելյան
Այսօր 8:30-ից սկսած քաղաքացիներն արգելափակել են երկու տասնյակից ավելի փողոցներ՝ բարձրացնելով իրենց բողոքի և անհնազանդության ձայնը։ Այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այժմ մայրաքաղաքում շարունակվում են անհնազանդության ակցիաները։ «Ամենամեծ ձեռքբերումն այն է, որ մեր քաղաքացիները ինքնակազմակերպվելով, առանց քաղաքական ուժերի մասնակցության, ձևավորում են տարբեր խմբեր և իրենց բողոքի ձայնը բարձրացնելով պահանջում են օրվա իշխանության հրաժարականը»,- նշեց նա։
Նա նաև հայտնեց, որ իրենց կոչին միացել են և մարզերի բնակիչները և փակել են միջպետական ճանապարհներ կամ իրենց քաղաքներում իրականացնում են անհնազանդության ակցիաներ։ Մինչև այս պահը փակ է Սևան-Վարդենիս ճանապարհը, փակ են նաև միջպետական մի շարք ճանապարհներ՝ Հրազդանում, Էջմիածնում, Արարատում, Վանաձորում, Ալավերդիում, Գյումրիում, Ապարանում, Սպիտակում։
Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ոստիկանությունը շարունակում է բիրտ ուժ կիրառել, հատուկ աչքի են ընկնում սև բերետավորները, որոնք ակհայտ է՝ ղեկավարվում են ինչ-որ խմբերի կողմից։
«Նախ մի մասի անուն-ազգանունները գրված չեն, մի մասն էլ կեղծ է։ Մենք տեղեկություն ունենք, որ դրանց մեջ կան մարդիկ, որոնք Նիկոլի և ինչ-որ օլիգարխների շրջանաների կողմից ոստիկանական հագուստով կատարում են նրանց հանձնարարությունները՝ բռնության ենթարկելով քաղաքացիներին»,- ասաց նա։
Հարցին, թե օլիգարխների անուններ կհայտնի, ԱԺ փոխնախագահն ասաց, որ մոտավոր պատկերացում ունեն, թե ում մասին է խոսքը բայց միայն հստակեցնելուց հետո կոնկրետ կասեն։
Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, ըստ Իշխան Սաղաթելյանի, նրանց թիվն այս պահին անցնում է 200-ից։ «Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է կասեցվի մեր պայքարը։ Որքան բերման են ենթարկում, այնքան շատ մարդ է միանում պայքարին»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
Նա միաժամանակ նշեց՝ իշխանամերձ շրջանակները տեղեկություններ են տարածում, որ ճանապարհները պարալիզացված չեն, համալսարաններում դաս կա և այլն։
«Այսօր եղանք ԵՊՀ-ում, 90%-ով դասադուլ էր, մտել ենք 10-ից ավելի լսարարան, որից միայն մեկում կային ուսանողներ։ Նրանք կամ մեր հետ էին, կամ փողոցում, կամ էլ հետևելով մեր կոչին դասին չեն մասնակցել։ Իրականությունը մի բան է, իշխանությունների ներկայացածը մեկ այլ բան, իրենք իրավիճակին չեն տիրապետում»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին