Հայաստանում թանկացումներ են. որքանով են բարձրացել առաջին անհրաժեշտության պարենային մթերքների գները
2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 14.3%, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 4.0% գնաճ:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, հացի, ալյուրի և մակարոնեղենի գները 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ աճել են համապատասխանաբար 14.1%, 14.3% և 26.5%-ով, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 1.7%, 2.9% և 7.3%-ով:
Հաճարի, բրնձի, ոսպի և հնդկացորենի գները 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ աճել են համապատասխանաբար 19.8%, 17.7%, 34.3%, 46.3%, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 3.1%, 2.7%, 7.4%, և 8.9%-ով:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, թարմ կաթի, պանրի, թթվասերի և մածունի գները 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ աճել են 12.0%, 21.2%, 14.0% և 23.2%, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 2.0%, 2.7%, 4.1% և 9.8%-ով:
Թռչնամսի, գառան և տավարի մսերի գներն էլ 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ աճել են համապատասխանաբար 8.4%, 5.3% և 10.6%-ով, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 2.3%, 1.9% և 1.2%-ով: Միաժամանակ, խոզի մսի գինը 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ աճել է 20.1%-ով, իսկ 2022թ. մարտի համեմատ արձանագրվել է 2.4% գնանկում:
Նշվում է նաև, որ 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարի և շաքարավազի 14.1% գնաճ, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 1.7% գնանկում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2022թ. ապրիլին մարտի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 10.13%:
Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.1% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.69 տոկոսային կետով։