«Մեկ օրվա եկամուտդ նվիրաբերի՛ր գիտական նախագծին»
Ապրի՛լ նախաձեռնությունը բոլորին կոչ է անում իրենց մեկ օրվա եկամուտը ներդնել իրենց ընտրած գիտական նախագծերի մեջ։
Panorama.am-ին նախաձեռնությունից հայտնեցին, որ երկու շաբաթվա ընթացքում նպատակի իրականացմանը միացել է 36 ընկերություն ու անհատ, հավաքվել է ավելի քան 5 մլն դրամ։
«Ձեր մեկ օրվա աշխատանքը կարող է փոխել Հայաստանի ապագան՝ ներդրեք մի օրվա եկամուտը գիտության մեջ, որ միասին կառուցենք հզոր պետություն»,-նշում են նախաձեռնությունից։
Ապրի՛լ նախաձեռնությունը համոզված է, որ զարգացած գիտությունն է անվտանգության ապահովման, հզոր տնտեսություն, դիվանագիտություն և մրցունակ հասարակություն ունենալու հիմքը: Հայաստանն այդ հիմքն ամրացնելու կարիք ունի։
Աջակցության համար առաջարկվող նախագծերն են`
1․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակվող «International Journal of Armenian Genocide Studies» ամսագիրը «Scopus» գիտատեղեկատվական հարթակում ինդեքսավորելու ծրագրի նախագիծ։
«IJAGS»-ը կլինի «Scopus»-ում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության թեմայով առաջին և միակ ամսագիրը և Հայաստանի համար տեղ կապահովի ցեղասպանագիտության ոլորտում։
2․ Հաշվողական ենթակառուցվածք՝ գենոմիկայի և կենսատեխնոլոգիաների համար։
Հայաստանում կստեղծվի առաջին կենտրոնացված հաշվողական ենթակառուցվածքը, որը թույլ կտա մեր կենսաբազմազանության ու մարդկանց գենետիկական հատկանիշների տվյալները անվտանգ պահպանել և վերլուծել։
3․ Մոլեկուլյար լաբորատորիա բուսաբանության ինստիտուտում։
Ինստիտուտում կգործի բույսերի, սնկերի, մամուռների և քարաքոսերի ուսումնասիրության նպատակով ժամանակակից մոլեկուլային լաբորատորիա։
4․BIOCER Scientific նախագիծ։
«BIOCER»-ը կենսաակտիվ կենսաքայքայվող նյութ է, որը ժամանակի ընթացքում քայքայվում է՝ խթանելով բնական ոսկորի աճը և վնասված ոսկորի ամբողջական վերականգնումը։
5․ Ռադիոհաճախականային և ձայնային ազդանշանների ուղղորոշման ու տեղորոշման համակարգի փորձանմուշի մշակում։
Այս նախագծով առաջարկվում է ստեղծել համալիր համակարգ, որը կապահովի ռադիոհաճախային և ձայնային ճառագայթում ունեցող աղբյուրների ուղղորոշման և տեղորոշման խնդիրները: