Արթուր Վանեցյան. Այսօր իրական իշխանությունը ժողովուրդն է, իսկ իշխանությանը պետք է լուրջ վերաբերվել
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի առաջնորդած երթի մասնակիցները, դուրս գալով Երվանդ Քոչար փողոցից, փակեցին Տիգրան Մեծ փողոցի հետ հատվող խաչմերուկը։
«Հայաստա´ն, ոտքի´», «Արցա´խ, ոտքի´», «Հա´յ ազգ, ոտքի´» վանկարկումներով, Արա Գևորգյանի «Արցախ» երգի հնչյունների ներքո նրանք կարճ ժամանակով փակեցին ճանապարհը։
Երբ երթի մասնակիցները հասան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, Հայ առաքելական եկեղեցին իր պատմության ընթացքում դասական օրինակ է, զրկանքների գնով կարողացել է մնալ անկախ, չդառնալ ուղղափառ, կաթոլիկ։
Նա իշխանություններին հորդորեց օրինակ վերցնել եկեղեցուց։
«Պետք չէ խաղաղություն մուրալ արմևուտքից, պետք չէ կզել արևելքի դիմաց, պետք չէ կապիտուլյացիա ստորագրել հարավի դիմաց»,-ասաց նա, ինչին հետևեցին բացականչություններ, ծափահարություններ։
Հանրապետության հրապարակ հասնելով՝ երթի մասնակիցները կառավարության շենքի աշխատակիցներին այսօր ժամը 19։00-ին հրավիրեցին Ֆրանսիայի հրապարակ՝ մասնակցելու հանրահավաքին։
«Միացեք, միացեք»,-արձագանքեցին քաղաքացիները։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ կարճ ժամանակով են փակում ճանապարհները, քանի որ չեն ցանկանում մեծ անհանգստություն պատճառել վարորդներին, որոնք հանուն հայրենիքի սկսած պայքարի աջակիցներն են։ Նա նկատեց, ոստիկաններն այսօր սակավաթիվ են։
«Ճանապարհները փակելով մենք ցանկանում ենք ցույց տալ, որ այսօր իրական իշխանությունը ժողովուրդն է փողոցում։ Իշխանությանը պետք է լուրջ վերաբերվել։ Մենք ունենք մեր պահանջը, դրան տեր ենք ու հասնելու ենք դրա կատարմանը։ Գործող իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին, մենք անհնազանդության խաղաղ ակցիաներով հասնելու ենք մեր նպատակին»,-ասաց Վանեցյանը՝ ավելացնելով, որ պայքարին միացել են հարյուր հազարավոր մարդիկ։
Երթի մասնակիցներն ավելի ուշ փակեցին Ամիրյան փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկը։
Պայքարի դուրս եկած քաղաքացիներն այս պահին հասել են Մաշտոցի պողոտա, շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Հայրենիքի ազատագրական պայքարը չի կարող հոգնեցուցիչ լինել
- Արթուր Վանեցյանի գլխավորած երթը շարժվեց Սայաթ Նովա փողոցի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան