Տիգրան Աբրահամյանը՝ Անդրանիկ Քոչարյանին. Փախնողներին գնացեք ձեր շրջապատում փնտրեք
Խորհրդարանում ՔՊ-ականների մասնակցությամբ այսօրվա քննարկումը բարկացրել ու նյարդայնացրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, որը չորս տարի եղել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը։
Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում ՔՊ-ականներին ու հատկապես ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդուն, որը ընդդիմադիրներին սպառնացել է եռամսյա հավաքներով, Աբրահամյանը խորհուրդ տվեց դասալիքներին, զինծառայությունից խուսափածներին փնտրել իրենց շրջապատում։
«Ես ուզում եմ բոլորիս անունից ասել, փախնողներին գնացեք ձեր շրջապատում փնտրեք»,-ասաց պատգամավորը, որ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում եղել է Արցախում։
Նա ընդգծեց՝ ՔՊ-ականները չեն հասկանում զինված ուժերում ծառայությունը, հայրենիքի պաշտպանության գործում մասնակցությունը պատիվ է, բոլորիս արժանապատվության հարցն է։
«Այս մարդիկ բանակն ընկալում են որպես մահակ։ Եռամսյա հավաքները, ԶՈւ-ում ծառայությունը ներկայացնում են որպես սպառնալիք, շանտաժ։ Դա ձեր ընկալումն է, ձեր էությունն է։ Մեր համար բանակը սրբություն է, մեր համար հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է»,-ասաց Աբրահամյանը։
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Արցախի հարցը գնացեք Արցախում լուծեք, ընդդիմադիր գործիչն ասաց. «Ես իմ անունից եմ ասում։ Չորս տարի աշխատել եմ Արցախում, այդ պահին համարել եմ, որ իմ ծառայությունը պետք է Արցախում։ Այս պահին Արցախի հարցը լուծվում է Երևանում։ Դրա համար հավաքվել ենք, ու այդ հարցը լուծելու ենք այստեղ։ Ականջներիդ օղ արեք։ Եվ վերջինը, դուք բանակի անունից խոսելու բարոյական իրավունք չունեք։ Դուք բանակը չեք ներկայացնում։ Բանակը կազմավորած, այն կայացրած, այնտեղ ծառայած, բանակի կայացման համար իրենց ամեն ինչը ներդրած մարդիկ են ներկայացնում այն։ Արա, դուք բանակի հետ կապ չունեք վաբշե»։
Ամփոփելով խոսքը՝ Աբրահամյանն ասաց, այստեղ գտնվողները նաև հրապարակում են՝ ասելու, որ ցանկացած պարագայում բանակի կողքին են, այն վերականգնելու են։
«Մենք վերականգնելու ենք բանակը։ Ամեն ինչ անելու ենք բանակի համար։ Չենք թողնելու բանակն այսպես մնա։ Գալու է ժամանակը, որ այն ամենի մասին խոսում ենք, անառարկելիորեն անելու ենք։ Եվ ուրեմն Նիկոլ, թող գնա»,-ասաց Աբրահամյանը։
Նրա ելույթը մերթ ընդ մերթ ընդհատվում էին բացականչություններով, ծափահարություններով, իսկ ավարտին հետևեցին «Նիկոլ հեռացիր» վանկարկումներ։