Ֆրանսիայի հրապարակում «հնչեց» նահատակված տղաների խոսքն իրենց ծնողներին
«Այս պայքարն ազգային ազատագրական պայքար է, թող որևէ մեկն անուններ չկպցնի այս պայքարին, առաջին հերթին սա մեր ազգի արժանապատվության պայքարն է»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը։
Նա պատմեց, որ որդին 100 օրից պետք է վերադառնար տուն, ում պետք է գրկեին, ով իր պարտքը հայրենիքին կատարած պետք է լիներ։
«Հայկազը ծառայում էր Հայաստանում։ Այդ ժամանակ տարել էին Արցախ, քանի որ հուլիսյան մարտերին այնպես էին ջարդել թշնամուն, իրենց զորությունն էին ցույց տվել։ Դա արվել էր գեներալ Խաչատուրովի գլխավորությամբ։
Ցավոք, հաղթանակած գեներալները, սպաներն անմիջական մասնակցություն չունեցան 44-օրյա պատերազմին, որովհետև ինչ որ ազգանուններ գերագույն գլխավոր հրամանատարին դուր չէին գալիս, չգիտես ինչու՝ մեր զինվորների անվտանգությունն ավելի ստորադասվեց քաղաքականությանը ու ազգանուններին, ինչպիսին գեներալ Խաչատուրովն էր։ Երրորդ կորպուսին չթույլատրվեց ամբողջապես մասնակցեր պատերազմին, այլապես կարող էր պատերազմի ելքն այլ լիներ։ Այնպես եղավ, որ լավագույն տղերքին առանձին-առանձին տարան ու ոչնչացրեցին»,- ասաց նահատակված հերոս Հայկազի հայրը։
Հայկազը սիրահարված է եղել Արցախին, մտադրված է եղել ծառայությունն ավարտելուց, ուսումն ստանալուց հետո գնար ու ապրեր Արցախում։
Հայկազի համոզմունքն է եղել՝ երբ որ հանկարծ չլինի Արցախը, չենք լինի մենք։
«Ինչու բոլորս չհավաքվենք ու թշնամուն դաս չտանք, որպեսզի չհասնի մեր Հայաստան»,- 20 տարեկան սերժանտ Հայկազ Մկրտչյանի խոսքերը մեջբերեց նրա հայրը։
«Սիրելի ժողովուրդ, չլինի Արցախը, չենք լինի մենք։ Ցավոք, շատ պետական այրեր չեն հասկանում դա, չի հասկանում մեր ժողովրդի մի ստվար զանգված»,- ասաց Զավեն Մկրտչյանը։
Նա նշեց, որ իրենք հետամուտ են լինելու պատերազմը հրահրողը, ով կարող էր երեք անգամ կանգնեցնել պատերազմն ու չի արել, պատժվի ըստ օրենքի, ում պատճառով 5000 տոհմածառ այդպես էլ պտուղ չի տալու։
44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի հայրը «Նրանց խոսքը վերևից» վերնագրով երգ կատարեց, որը նրա բնութագրմամբ, տղերքի խոսքն է ուղղված իրենց ծնողներին ու հարազատներին։ Զավեն Մկրտչյանն այն նվիրեց հերոսածին ծնողներին ու նրանց հարազատներին։
Հրապարակում հավաքված քաղաքացիները լսում էին «տղերքի խոսքն» ու արցունքները հոսում էին նրանց աչքերից։
Հայկազ Մկրտչյանը հոկտեմբերի 14-ից մասնակցել է Ջրականի, Տաղավարտի, Դրախտիկի և Ազոխի մարտերին։ Վիրավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայում, մահացել նոյեմբերի 9-ին։ Հուղարկավորված է Եռաբլուր պանթեոնում։ Հայաստանի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան