«Բալենու այգին». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությունը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Ռուսական դրամատիկական թատրոնից։
«Բալենու այգին» պիեսը՝ Ա․Պ․ Չեխովի գլուխգործոցը, ստեղծվել է գրողի կյանքի վերջին տարում, և, հետևաբար, իրավամբ կարող է համարվել մեծ դրամատուրգի հրաժեշտի ուղերձը մարդկանց:
Կրքոտ, բարի, պարզամիտ, զվարճալի, առատաձեռն, արատավոր, տարօրինակ՝ Չեխովի «Բալենու այգին» կատակերգության բոլոր հերոսները, առանց բացառության, ծնվել են սիրո մեջ: Նրանք զվարճալի են և հուզիչ: Նրանց աշխարհը փլուզվում է, իսկ վերահաս աղետին դեմ հանդիման նրանք ապրում են ագահաբար, ուրախ, հուսահատ. սիրում են, վիճում, արտասվում, տրվում խրախճանքի...
Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, Աննա Մանուչարյանը, Յանա Թուրգունյանը, Թեհմինե Խաչատրյանը, Հռիփսիմե Նահապետյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Շահվերդյանը, Արմեն Մարգարյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Լև Նալբանդյանը, Լալիտա Բուկիան, Վազգեն Հովհաննիսյանը, Հայարփի Զուռնաչյանը, Մելսիդա Հակոբյանը, Վյաչեսլավ Շամիրյանը, Էրվին Ամիրյանը, Արթուր Պետրոսյանը, Անտոն Աղաջանյանը։
Ներկայացման բեմանկարիչը` Կիրիլ Դանիլովն է (Մոսկվա), զգեստների նկարիչը` Յանինա Կրեմերը (Մոսկվա), խորեոգրաֆիան`,Նունե Կիրակոսյանի, երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի:
Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար:
Առաջնախաղերը կկայանան մայիսի 7-ին և 8-ին: