«Փաստ». «Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի այս շրջանը և նորից գա կայունություն»
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցողն այդ երկրի ներքին գործն է, բայց Մոսկվան հետաքրքրված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ։
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի այս շրջանը և նորից գա կայունության շրջանը, որը թույլ կտա փուլ առ փուլ առաջ շարժվել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ այն պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ վերջնական տեսքի են բերվել»: Այս հայտարարությունը մերձիշխանական շրջանակներին հիմք է տվել «մեկնաբանություններ» անել, թե Ռուսաստանը ցանկանում է, որ համաժողովրդական բողոքի ակցիաները շուտափույթ դադարեն: Ավելին, նման մեկնաբանություններ տալիս են հատկապես երդվյալ հակառուսական որոշ «շերտեր»՝ մեծ ոգևորությամբ տարածելով նշյալ «մեկնաբանությունը»:
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, սակայն, կարծում է, որ առկա է անդառնալիության կետի խնդիրը: «ՌԴ-ն փաստացի արձանագրեց, որ քանի դեռ ՀՀ-ում քաղաքական անկայունություն է ու չկա ներքին կոնսենսուս, ապա Արցախի ու հայ-ադրբեջանական հանգուցալուծման հարցերում առաջընթաց չի կարող արձանագրվել: Իսկ սա նշանակում է, որ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմությունը փողոցում ոչ թե իշխանության հասնելու, այլ Արցախի մասով անդառնալիության կետ անցնել պատրաստվող իշխանություններին դիմագրավելու խնդիր է լուծում:
Ի դեպ, հստակ տեսանելի է, որ պաշտոնական Երևանը, Բաքուն, Անկարան, այնպես էլ Վաշինգտոնը, Բրյուսելը և Լոնդոնը այս հարցում համակարծիք են, այսինքն՝ Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում: Մինչդեռ Մոսկվան՝ ռազմավարական տեսանկյունից, ՀՀ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրները՝ պետական-ազգային շահերի տեսանկյունից, և Ստեփանակերտը՝ գոյաբանական սպառնալիքի առումով, ունեն լիարժեք այլ մոտեցում ու հաստատակամություն՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ դա թույլ չտալու ուղղությամբ»,- «Փաստի» հետ զրույցում նշեց Ղևոնդյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան