Արսեն Բաբայան. Ներկայացվեց մեր պետության փրկության բանաձևը
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Արդեն շուրջ 2 տարի է ընդդիմության գործիչներս մեր ամենօրյա աշխատանքում, հարցազրույցներում և հավաքներում մանրամասնությամբ ու խորությամբ ներկայացնում ենք, թե ինչ պետք է անի նոր ազգային իշխանությունը օրվա հակահայկական իշխանությանը վռնդելուց հետո:
Բայց արի ու տես, որ որոշ իշխանական գործիչներ ու լրատվամիջոցներ պարբերաբար իրենց անտեղյակ են ձևացնում և պնդում, թե իբր մենք ծրագիր չենք ներկայացնում:
Համահայկական այսօրվա հանրահավաքում Իշխան Սաղաթելյանը համակարգված ներկայացրեց նոր իշխանության գործունեության սկզբունքները, որոնք էլ հանդիսանում են մեր պետության փրկության բանաձևը:
Այսպես.
Ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պետք է հեռացնենք սրանց։ Եվ բերենք մի իշխանություն, որը՝
● Կապահովի թուրք-ադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը:
● Կվերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու՝ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում և առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակ:
● Կբացառի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը:
● Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի իրականացնի սահմանազատում և սահմանագծում:
● Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կբացառի որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը։
● Առաջնահերթ կարևորություն կտա պարենային անվտանգությանը և պետական պահուստի խնդիրներին։
● Կարևորագույն խնդիր կդիտարկի հայ ռազմագերիների, պատանդառվածների ու պահվող այլ անձանց վերադարձը։
● Կվարի պրոֆեսիոնալիզմի և հստակ չափորոշիչներով կադրային քաղաքականություն՝ ապահովելով կառավարման համակարգային ճգնաժամի հաղթահարումը:
● Վերականգնելու ենք ներքին համերաշխությունը, հասնելու ենք համահայկական ներուժի մեկտեղմանը։
● Սփյուռքի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և ազգային մյուս կառույցների անմիջական ներգրավմամբ կձևավորեն ներքին ու արտաքին մարտահրավերները դիմագրավելու համահայկական հստակ օրակարգեր։
Այդպիսի իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է.
● Ազգային համաձայնության/ժամանակավոր կառավարություն։
● Սրանց հեռացնելուց հետո կհրապարակենք այն 250 բարձրակարգ մասնագետների անունները, որոնք առաջիկա տարիներին կլինեն մեր կառավարման համակարգի ու պետական ապարատի հենասյունը։
● Բացառել կարևորագույն հարցերի վերաբերյալ վարչապետի միանձնյա որոշումների կայացումը։
● Պետք է արագ ձևավորել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմ, ուժեղացնել դիվանագիտական կորպուսը»։