Զոհվածների հարազատները երթով հասան Եռաբլուր
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները Շառլ Ազնավուրի հրապարակից երթով հասան «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ «Միասին» շարժման կազմակերպած երթին միացել են բազմաթիվ քաղաքացիներ։
Մասնակիցներն իրենց ձեռքում ունեն զոհվածների լուսանկարները, եռագույն դրոշներ։
Զոհվածների մայրերը, քույրերը հագել են իրենց որդիների, եղբայների լուսանկարներով սև շապիկներ։
«Սա ավանդական երթ է դառնում։ Անցած տարի էլ Շուշշի ազատագրման օրը մենք երթ էինք կազմակերպել Եռաբլուր՝ ի ոգեկոչում, ի միասնություն, ի սթափություն»,-նշում են կազմակերպիչները՝ կոչ անելով չմոռանալ, որ մենք հաղթող տեսակ ենք։
Մշակութաբան, պարագետ, պարահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ասաց՝ ուղիղ 30 տարի առաջ հայի բազուկն ապացուցեց իր հաղթական լինելը։
«Թեկուզ երկու տարի է՝ ինչ խամրեցրել են մեր հաղթանակը, բայց վստահ կարող ենք ասել, որ մենք հավերժ նշելու ենք Շուշիի ազատագրումը։ Նոր ազատագրումը լինելու է այդ ազատագրման վերակնքումը։ Շուշին հային է, և ինչպես կասեր Գարեգին Նժդեհը, մի ազգի հարենիքը չի կարող դառնալ մյուսի մշտական բնակավայր։ Հողը համբերատար սպասում է իր տերերին, եթե իհարկե տերը չի կորցրել այն տիրելու ցանկությունը։ Մենք այստեղ ենք, քանի որ այստեղ անմահներն են։ Իսկ անմահները հրամայում են չենթարկվել խաղաղության կոչերին, չհավատալ թուրքի հետ խաղաղությանը։ Խաղաղություն կարող է լինել միայն Նժդեհի բանձևով, ներել եք ուզում թուրքին, հաղթեք նախ»,-ասաց Գինոսյանը։
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեկնարկել է ոգեկոչման երեկո։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան