Ինչպես է միջազգային մամուլը լուսաբանել Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանուն Հայաստանի, Արցախի անվտանգության բողոքի ապակենտրոն գործողություններն ակտիվ փուլ մտան մայիսի 1-ից։ Մինչ այդ Ազատության հրապարակում բողոքի անժամկետ գործողությունների մասին հայտարարել էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Ինչպե՞ս են միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել հայաստանյան իրադարձություններին։
Մինչ դրանց հրապարակումների բովանդակությունը ներկայացնելը նկատենք, որ գրեթե բոլոր նյութերի դեպքում գլխավոր օգտագործել են այնպիսի լուսանկարներ, որոնք ցույց են տալիս ոստիկանների գործողությունները։
«Ալ Ջազիրա»-ն մայիսի 2-ին գրեց, որ ապրիլի 17-ից ի վեր Հայաստանում ամեն օր բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով։
«Կիրակի օրը (մայիսի 1-ին) Երևանի կենտրոնում ցուցարարները հայտարարել են շուրջօրյա բողոքի գործողությունների մասին, վրաններ են տեղադրել և հայտարարել, որ չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը և իր թիմը չեն հեռացել իշխանությունից»,-գրել է արաբական աղբյուրը։
«Ալ Ջազիրա»-ն նաև նշել է, որ որոշ ցուցարաների նկատմամբ ոստիկանության կողմից ուժ է կիրառվել, իսկ բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողներին ոստիկանները հրմշտել են։
Նույն օրը «Ասոշիեյթիդ փրեսս»-ը հրապարակեց «Հայաստանում բերման է ենթարկվել 180 ցուցարար, որոնք Փաշինյանին կոչ են անում հրաժարական տալ» վերնագրով հոդված՝ գլխավոր լուսանկար ընտրելով աղբամանը դեպի ցուցարարները հրող ոստիկաններին։
««Հայաստանն առանց Նիկոլ»,-բացականչում են ցուցարարներն ու ընդդիմության առաջնորդները»,-գրում է աղբյուրը, ավելացնելով, որ ոստիկանները խոչընդոտել են լրագրողների մասնագիտական աշխատանքը։
Հայաստանում բողոքի ակցիաներին ու ոստիկանների գործողություններին նույնանման շեշտադրումներով անդրադարձել են նաև «Վաշինգթոն փոստ»-ը, «Abcnews»-ը։
«Ֆրանս 24»-ը մայիսին 3-ին գրեց, որ սրանք ամենավատ բողոքի ակցիաներն են անցած տարվա ընտրություններից ի վեր՝ ընդգծելով Փաշինյանի ղեկավարության նկատմամբ պահպանվող դառնությունը։ Ցուցարարները պահանջում են Փաշինյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով Լեռնային Ղարաբաղի «վիճելի» տարածքներն Ադրբեջանին զիջելու համար։
Ակցիայի մասնակիցներից մեկը՝ 57-ամյա դարբին Սերգեյ Հովհաննիսյանն աղբյուրին ասել է. «Նիկոլը պետք է գնա, քանի որ նա պարտության խորհրդանիշն է։ Նման ղեկավարով Հայաստանն ապագա չունի»։
Ընդդիմադիր կուսակցությունները Փաշինյանին մեղադրում են Ղարաբաղն Ադրբեջանին զիջելու համար այն բանից հետո, երբ Փաշինյանն անցած ամիս օրենսդիրների հետ հանդիպմանը հայտարարեց. «Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։
«Ռոյթերզ»-ը մայիսի 5-ին շեշտել է ոստիկանների գործողությունները ցուցարարների նկատմամբ՝ նշելով, որ Փաշինյանի հրաժաևականը պահանջող մի քանի տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ։
«Ցուցարարները Հայաստանի եռագույնը փաթաթած իրենց ուսերին բացականչում են՝ «Փաշինյան, հեռացիր»։ Ցուցարարներն այս շաբաթ փակել են ճանապարհներ ու կամուրջներ Երևանում՝ բնակչությանը կոչ անելով միանալ իրենց։ Երևանից դուրս ցուցարարները փակել են դեպի Գավառ գնացող ճանապարհը արևելքում»,-գրում է աղբյուրը։