Հայհոյանքները, երկու կոպեկ փող աշխատելու համար նման պատվեր կատարելը, որևէ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր. Գեղամ Մանուկյան
«Գյումրի երթի միջադեպի ժամանակ «պապիկներ» որ ասում են, նրանցից որևէ մեկը պապիկ չէր: Իրնց պահվածքը, հայհոյանքը, երկու կոպեկ փող աշխատելու համար նման վարքը, վստահաբար, որևէ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր»,-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առյուծ Արքայի արձանի մոտից դիմադրության շարժման երթի մեկնարկին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Գյումու հայտնի միջադեպին:
Նա հայտնեց, որ յուրաքանչյուր մարդ հարգանք ունի մեծի նկատմամբ, բայց այդ միջադեպի ժամանակ կանգառում կանգնած են եղել շատ վատ հայհոյանքներ անող, անհասկանալի էակներ, որոնք հատուկ հանձնարարականով էին եկել:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ ոստիկանությունը ջանք էր գործադրում իրենց այդ ագրեսիվությունը զսպելու համար, բայց՝ չկարողացավ:
«Բազմաթիվ մեքենաների վրա էին հարձակվում, հավկիթ էին նետում, հարվածում էին, մեր երթի մասնակիցներից մեկի մեքենան էլ են վնասել, ասում են՝ նախաքննությունը կպարզի»,-հայտնեց պատգամավորը:
Անդրադառնալով 2021 թվականի ընտրություններին, Արմավիրում իբր գումարով միջոցառումներ կազմակերպելու հայտնի ցուցակին՝ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ չգիտի, թե ով է հրապարակել այդ ցուզակը, բայց միանշանակ է, որ քննչական մարմինը չի հրապարակել, այլ ՔՊ-ական պատգամավորներն են հրապարակել:
«Սա խոսում է մի բանի մասին, Հայաստանում նախաքննական մարմին չկա, կա իշխանության գրպանի նախաքննական մարմին: Առաջին բանը, որ Սասուն Խաչատրյանը պետք է աներ, պետք է ծառայողական քննություն սկսեր և եթե նույնիսկ փակ տետր է հայտնաբերվել, ապա ինչպես է իրեղեն ապացույցը հայտնվում լրատվամիջոցի, իշխանական պատգամավորի ձեռքը»,-նկատեց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով՝ իշխանության նման քայլի նպատակը մեկն է՝ մեկուսացնել բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցողներին և վախի մթնոլորտ ստեղծել, որը նրանց չի հաջողվի:
«Մեկին մեկուսացնելով՝ մյուսն է գալու: Այսօր որդիս մեր երիտասարդների հետ միասին գնացել ներկայացել է քննչական մարմին, բայց գիտի, որ հայրը, քույրը, ընկերները կանգնած են բողոքի ակցիայի շարքերում»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
«Դիմադրության» շարժման հայտարարած 4 ուղղություններից նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի Առյուծ Արքայի արձանի մոտից նախատեսած երթը մեկնարկեց: