Ջուլֆալակյան. Փաշինյանն իր թիմակիցների նկատմամբ սեռական ու ֆինանսական բնույթի կոմպրոմատներ ունի
«Այն մարդիկ, որոնք այսօր որոշումներ են կայացնում, մի քանի հոգուց բաղկացած այդ նեղ խմբակը, իմ կարծիքով ատում է այն ամենը, ինչ հայկական է։ Դրա մասին երկրի վարչապետն իր գրքում ժամանակին գրել է, ուղղակի մենք այդ անորակությունը չենք կարդացել»,-«Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասաց Աշխարհի և Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն, պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
Նա նկատեց, Փաշինյանն իր գրքում ազնիվ է եղել, խոստովանել է, թե ինչ է մտածում ու ինչ է անելու։
Ջուլֆալակյանի խոսքով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բաժանված էր խմբերի՝ ազգայնականներ, գլոբալիստներ, սորոսականներ, նեյտրալներ, թիմի ներսում խմբերը՝ Ալենի թիմը, Արարատի թիմը և այլ խմբեր իրար դեմ էին պայքարում, միմյանց դեմ կոմպրոմատներ հավաքում:
«Փաշինյանը կոմպրոմատներ ունի թիմի անդամների դեմ՝ և՛ սեռական բնույթի, և՛ ընդհանուր ֆինանսական բնույթի շահերով պայմանավորված, որոնց միջոցով վախեցնելով նրանց կառավարում է։ Առնվազն 15 պատգամավոր ինձ մոտ բողոքել են վարչապետից, վարվող քաղաքականությունից, առնվազն 7-8-ն ասել են՝ դուրս են գալու, հիմա նրանք աշխատում են, ԱԺ-ում են կամ այլ պաշտոներ են զբաղեցնում։ Ի՞նչն է նրանց պահում»,-նշեց նա։
Ջուլֆալակյանը համարում է, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահում է՝ արտաքին ուժերից ոմանց խաբելով, ոմանց խոստումներ տալով։
«Բոլոր կողմերին խաբում է՝ հյուսիս, Եվրամիություն, արևմուտք, արևելք, հարավ։ Բոլորին փորձում է բավարարել։ Ակնհայտ է, չի կարող, քանի որ նրանց շահերը միմյանց հակասում են։ Պետք է կողմնոոշվես, թե որ կողմն ես գնալու։ Գալու է մի պահ, երբ ընկնելու է թակարդը, կործանվելու է։ Հուսով եմ՝ նրան ապահով ապաստան չեն տա, նա պատասխան կտա իր արածների համար»,-ասաց Ջուլֆալակյանը՝ կարևորելով, թե հնարավոր փաստաթղթերի ստորագրման պահին որ աշխարհքաղաքական կենտրոնը Հայաստանում ի՞նչ ազդեցություն է ունենալու։
Նախկին պատգամավորի խոսքով, Փաշինյանը ցանկանում է հայկական հարցը գցել արտաքին խաղացողների գրպանը։
«Ասում է՝ դուք որոշեք, ով ուժեղ է, թող նա էլ որոշի, ես ուղղակի այստեղ նստած եմ, ինչ որոշեք, այն էլ կանեմ։ Դուք մեծերով որոշեք, ասեք, ես անեմ։ Սա շատ ցավալի է, քանի որ մենք պրոցեսների վրա չենք կարող ազդել»,-ընդգծեց նա։
Ջուլֆալակյանի խոսքով, Փաշինյանից ազատվելու համար պետք է հավաքել կրիտիկական զանգված՝ ավելի քան 50 հազար մարդ, ինչը ցույց կտա, որ այս իշխանությունը չունի այլևս աջակցություն։
«Լիահույս եմ, որ մեր ուժայինները տեսնելով նման զանգված, կմիանան պայքարին, քանի որ աննորմալ է, որ ուժայինը մնա ու ծառայի մի ղեկավարի, որը պարտության գլխավոր մեղավորն է։ Վստահ եմ, որ դա իրենց համար պատվաբեր չէ»,-ասաց նա։