Արթուր Վանեցյան. Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, նույնը ասում են մեր իշխանությունները
«Կարող ենք արձանագրել, որ հանրապետության ողջ տարածքում ժողովուրդը ոտքի է կանգնել, ու շարժումը գնում է առաջ»,-ասաց «Հայրենիք» կուակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ երթի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին։
Խոսելով մարզեր այցելությունների ընթացքում տեսածի, լսածի, տպավորությունների մասին՝ Վանեցյանն ասաց, մարդիկ վախեցած են։
«Քաղաքացիներին սպառնում են, որ իրենց, իրենց հարազատներին աշխատանքից կազատեն։ Եթե տնտեսվարող են, սպառնում են հարկային ստուգումներով։ Մենք մարզերում տեսանք բազմաթիվ սադրիչներ, որոնք խայտառակ վարքագծով փորձում էին հարամել մեր հանդիպումները։ Սակայն ի վերջո հանդիպումները տեղի ունեցան»,-նշեց նա։
Վանեցյանի խոսքով, Լոռիում, Շիրակում քաղաքացիների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ մարդիկ դժգոհ են իշխանություններից, ուղղակի այս պահին խուսափում են փողոց դուրս գալ։
Այն հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի ընդդիմությունը երկիրը տանում է դեպի անդունդ, Վանեցյանն արձագանքեց՝ նման կերպ խոսում է նաև հայաստանյան իշխանությունը, մինչդեռ ընդդիմությունը դուրս է եկել պայքարի ընդդեմ Հայաստանի իշխանության՝ Ադրբեջանին արվող միակողմանի զիջումների, հանուն Հայաստանի տարածքային ամբողջականության, Արցախի ժողովրդի անվտանգության, ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն։
«Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, նույնը ասում են մեր իշխանությունները։ Այդ պատճառով ես շատ մեծ տարբերություն չեմ դնում Ադրբեջանի ու մեր իշխանությունների հայտարարությունների միջև, մենք ասում ենք՝ խաղաղության օրակարգի կողմնակիցն ենք, բերելու ենք խաղաղություն, որը կբխի Հայաստանի, Արցախի շահերից, այն չի լինի պարտադրված»,-ասաց Վանեցյանը։
Որպես ԱԱԾ նախկին տնօրեն պատասխանելով հարցին, թե ինչ կհորդորի ուժային կառույցներին, Վանեցյանն ասաց, այդ մարմիններում աշխատում են պրոֆեսիոնալ ու պետականամետ մարդիկ, սակայն այսօր նրանք, ցավոք սրտի, կատարում են այս իշխանությունների հրամանները։
«Ես կոչ եմ արել գործել բացառապես իրենց լիազորությունների շրջանակում, չանել օրևէ ապօրինություն, գործել իրավաչափ ու համահունչ ստեղծված իրավիճակին»,-ասաց նա։
Հնարավոր իշխանափոխությունից ո՞վ է ընդդիմության վարչապետի թեկնածուն։ Այս հարցին ի պատասխանն էլ Վանեցյանն արձագանքեց. «Մենք ասել ենք, սա առաջնորդների պայքար չէ։ Օրակարգը ներկայացված է։ Հայտարարված են, թե ովքեր կարող են լինել և չլինել ժամանակավոր կառավարությունում»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Չաուշի արձանի մոտից մեկնարկած երթին միացավ Արթուր Վանեցյանը
- Պետք է կասեցնենք այս իշխանությունների ազգադավ ընթացքը. ընդդիմության քայլերթը՝ Գայի արձանի մոտից
- «Իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է». Սասունցի Դավիթի արձանի մոտից մենարկել է քայլերթը
- «Ի՞նչ է լինելու Նիկոլից հետո». Իշխան Սաղաթելյան