«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն տուժող ճանաչված ծնողներին կանչել է հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է
. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն հարցաքննության են հրավիրվել 44-օրյա պատերազմի զոհերի 12 ծնողներ, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության հրավիրել, պատասխանատվության կանչել և մեղադրանք առաջադրել իրենց երեխաների մահվան համար:
Ինչպես հայտնի է, պատերազմում զոհված զինծառայողների ծնողները մոտ մեկ ամիս առաջ Գլխավոր դատախազություն հաղորդում էին ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ասելով, որ նա է սպանել իրենց որդիներին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծնողների ներկայացրած գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից էլ ծնողների դիմումը կցվել է Հակակոռուպցիոն կոմիտեում շուրջ 2 տարի քննվող ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առիթով հարուցված քրեական գործին:
Տպավորությունն այնպիսին էր, որ այսքանով իրավիճակին լուծում կտրվի, սակայն Հակակոռոպցիոն կոմիտեն որևէ կերպ գործին ընթացք չտվեց և, դեռ ավելին, զինվորների ծնողներին տուժող չճանաչեց: Ասել է թե՝ կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը մատը մատին չտվեց կամ չհամարձակվեց ո՛չ Փաշինյանին հարցաքննել, ո՛չ էլ զոհվածների ծնողներին տուժող ճանաչել:
Արդյունքում քրեական գործը Գլխավոր դատախազը վերցրեց Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթից և ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն տուժող ճանաչված ծնողներին կանչել է հարցաքննության: Մայիսի 12 -ին 12 ծնող ևս կներկայանա հարցաքննության: Ի դեպ, ծնողները նախաքննական մարմնին դիմում են ներկայացրել հարցաքննության հրավիրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեզ մնում է սպասել զարգացումներին՝ հասկանալու համար՝ ի վերջո ՀՀ քննչական կոմիտեն կոնկրետ քայլեր կանի, թե Հակակոռուպցիոն կոմիտեի նման մի երկու տարի էլ գործը կքնեցնի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան