Ոստիկանության մեջ գտնվող մարդագողերը, ծեծողները պետք է հասկանան, որ Փաշինյանը անցողիկ է, հետո մնալու է խիղճը. Գեղամ Մանուկյան
«Մեր առօրյայի մի մասն է դարձել, որ քաղաքացիները, եթե նույնիսկ զբաղված են, ապա մեքենաների շչակներով, կամ պատուհաններից ողջունելով միանում են «Դիմադրության» շարժման երթերին»,-մեկնարկած ավտոերթից առաջ լրագրողներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա պատմեց, որ նույնիսկ զավեշտալի դեպք է եղել, երբ բողոքի ակցիայի կազմակերպիչներին մոտեցել են քաղաքացիները և ասել, որ ավտոլվացման կայանում աշխատանքով են զբաղված, չեն կարողանում միանալ երթին, բայց պատրաստ են մասնակիցների մեքենաները լվացնել:
Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ այսօր Երևանում տարբեր ուղղություններվ ավտոերթ է տեղի ունենալու, իսկ ժամը 4-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է մեկնարկելու:
Պատգամավորն անդրադարձավ Հանրային հեռուստատեսության եթերով իշխանության վարած քարոզչությանը. «Եթե հիտլերյան Գերմանիայում հեռուստատեսություն լիներ, ապա այնպիսի տոտալ անբարո քարոզչություն կլիներ, ինչպես այսօր Հանրային հեռուստատեսությամբ է»
Նա արարողակարգային և չեզոք գնահատեց ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունը, որով նա ՀՀ իշխանությանը զսպվածության կոչ էր արել, իսկ ընդդիմությանը հորդորել էր չդիմել սադրանքների:
«Արձագանքներից ամենահատկանշականը Ադրբեջանի ԱԳ նախարարի, թե ՔՊ-ի վարչության հայտարարությունն էր, չեմ հիշում: Երկուսի տեքստերն այնպիսին է, որ խառնում եմ արդեն և պարզ չէ, թե իշխանական հայտարարություն է, թե՝ Ադրբեջանի ԱԳ նախարարության: Վերջինս բառացի կրկնում է այն, ինչը որ Փաշինյանն է ասում»,-անդրադառնալով Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը՝ ասաց ընդդիմադիր պատգամավորը, և նկատեց, որ ՔՊ-ական պատգամավորների ստատուսները գրվում են եվրոպական ճամփորդության մայրաքաղաքներից:
Լրագրողների խնդրանքով Մանուկյանը մեկնաբանեց նաև ցույցերին մասնակցելու համար քաղաքացիներին վճարելու մասին իշխանական քարոզչամեքենայի տարածած լուրերը:
«Մի քանի ՔՊ-ական պատգամավորի, որոնց դեմքերը հասարակությունը չի ճանաչում, նույնիսկ մենք, դահլիճում գտնվելով, չենք ճանաչում, ոչ ձայներն է լսվում, ոչ գործերն է երևում, խորհուրդ կտամ ՔՊ-ն նրանց այլ հագուստով ուղարկի հանրահավաքի, թող տեսնեն՝ այնտեղ գտնվող լուսավոր դեմքերը և հասկանան, թե նրանց մեջ փող վերցնող կլինի՞, թե ոչ»,-առաջարկեց Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորը հայտնեց, որ իշխանության կողմից սադրանքներն ավելացել են, քանի որ այլ կերպ «Դիմադրության» շարժման դեմ չեն կարողանում պայքարել, իսկ սադրանքների շարքում զավեշտալի համարեց Գյումրի երթի ժամանակ մեքենայից դրոշի պոկելը և այն միտքը, թե Ադրբեջանի դրոշը այրելու պատճառով գերիներին չեն վերադարձնում:
«Հաշվի առնելով, որ այս իշխանությունները բավականին երիտասարդ են՝ նույնիսկ մարդկային կենասգրությունով, դպրոցն ավարտելուց հետո խորհրդարան են մտել, կամ կառավարությունում պաշտոն են զբաղեցրել, հետևաբար նրանք Հայաստանի անցյալը չգիտեն, բայց կարող են դիմել իրենց ավագ ընկերներին՝ Հայ ազգային կոնգրեսի անդամներին և պարզել, թե 90-ականներին, երբ ՀՅԴ-ի գրասենյակները փակվեցին, տասնյակ, հարյուրավոր մարդիկ բերման ենթարկվեցին ու կալանավորվեցին, այն Դաշնակցության գործունեության վրա որևէ ազդեցություն ունեցե՞լ է:
Ոստիկանության մեջ գտնվող մարդագողերը, ծեծողները պետք է հասկանան, որ Փաշինյանը անցողիկ է, հետո մնալու է խիղճը, ուսադիրները, որոնցից շատերը, վստահ եմ մի օր պոկվելու են»,-հայտարարեց գեղամ մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում տարբեր ուղղություններով ավտոերթեր են իրականացվում
- Արթուր Վանեցյան. ժամը 16:00 բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում
- Հայհոյանքները, երկու կոպեկ փող աշխատելու համար նման պատվեր կատարելը, որևէ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր. Գեղամ Մանուկյան
- Չկա այլևս ստի իշխանությունը, մարդիկ ելնում են ոտքի. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան