Դատախազությունը պահանջում է քննել Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո դեպքի վայրը լքելու դրվագը
Լեո փողոցի հետիոտնի անցուղում Սոնային սպանեց օրվա իշխանության ստեղծած համակարգը, երբ ընդամենը մեքենաների հոսքը կանգնեցրած և իր գործն ավարտած համարած ոստիկանը դեմքով շրջվել և լեզուն դուրս գցած սպասում էր իր աշխատավարձը բարձրացնողին՝ «честь» տալու համար:
Պարեկային ոստիկանության սպան դեմքով շրջվել էր դեպի իրեն մոտեցող Նիկոլ Փաշինյանի կորտեժը՝ թիկունքում թողնելով ճանապարհի ամենավտանգավոր հատվածում գտնվող հետիոտնի անցուղին:
Սոնային սպանեց իշխանության ձևավորած համակարգը, որովհետև վերջինիս հիմնական «ձեռքբերման»՝ պարեկային ոստիկանության հերթական զոհ դարձավ մայրն իր չծնված բալիկով:
Պարեկային ծառայության ներդրումից ի վեր հասարակությունը ամենշաբաթյա ռեժիմով ահազանգում է, որ համակարգն նոր համալրած պարեկների մեծ մասը տարրական գրագիտություն չունի իր ոլորտի իրավական ակտերից և չի կարողանում ճանապարհների երթևեկությունը կարգավորել: Այդ փաստն ասուլիսում ստիպված էր ընդունել նաև փոխոստիկանապետը:
Փորձենք հաշվել, թե պարեկների պատրաստված չլինելու պատճառով քանի զոհ և ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել այս ընթացքում, քանի պարեկային նոր մեքենա է մետաղի ջարդոնի վերածվել:
Մեծ հաշվով Սոնայի մահվան մեղավորը ոստիկանության ամենագնացը վարող սպան կամ խաչմերուկը կարգավորող պարեկային ոստիկանը չէ, այլ՝ նրա պետը, նրա պետի պետը, երկրի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, որն առրևույթ միանձնյա ձևավորել է իշխանական այս բուգը և որը ծառայում է մեկին, ոչ թե բոլորին:
Panorama.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե ապրիլի 26-ին Լեո փողոցի հետիոտնի անցուղում Նիկոլ Փաշինյանի կորտեժն ուղեկցող ոստիկանության մեքենայի կողմից Սոնա Մնացականյանի վրաերթի ենթարկելու դեպքով հարուցված գործը ո՞ր փուլում է գտնվում:
Panorama.am-ը հետաքրքրվել էր, թե պատահարի փաստով ի՞նչ մեղադրանք է առաջադրված, դեպքի վայրը լքելու հետ կապված մեղադրանք առաջադրվե՞լ է, թե ոչ, ի՞նչ խափանման միջոց է ընտրվել, եթե՝ ոչ կալանք, ապա ինչո՞ւ:
Հաշվի առնելով փաստը, որ վրաերթի համար կալանավորված անձն ազատության մեջ է, հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք դատախազությունը ստուգել է դրա օրինականությունը և իրավականորեն հիմնավորվա՞ծ է, որ նա ազատության մեջ է։
ՀՀ գլխավոր դատախազությունից ստացած պատասխանում ասվում է.
«Դեպքի առթիվ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը և ընդունվել վարույթ:
2022թ. ապրիլի 26-ին որոշում է կայացվել Սոնա Մնացականյանին տուժող ճանաչելու մասին:
Նույն օրը, ժամը 21:30-ին, ձերբակալվել է Ա. Նավասարդյանը:
2022թ. ապրիլի 29-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչպես նաև նրան մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-ին մասով:
Նույն օրը կայացրած որոշմամբ Ա.Նավասարդյանն ազատվել է արգելանքից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2022թ. մայիսի 2-ին քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազը որոշում է կայացրել Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին որոշումները վերացնելու մասին:
Քննիչին ցուցում է տրվել բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ, այդ թվում նաև՝ մեղադրյալին առաջադրված մեղադրանքը լրացնել՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին:
Դատախազի գրավոր ցուցումների վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է առարկություն, որը վերադաս դատախազի կողմից մերժվել է:
Նախաքննությունը շարունակվում է»:
Այլ կերպ ասած՝ ՀՀ քննչական կոմիտեն համառորեն չի ուզում քննել դեպքի վայրը լքելու դրվագը: ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է լրացնել մեղադրանքը հենց այդ մասով, որպեսզի լիարժեք քննություն արվի և կալանքի միջնորդություն արվի: ՀՀ քննչական կոմիտեն առարկել է դատախազության առաջարկը, բայց այն իր հերթին մերժվել է վերադաս դատախազի կողմից: Սա նշանակում է, որ քննիչները պետք է դիտարկեն դեպքի վայրը լքելու դրվագը, որը հիմք կարող է հանդիսանալ Ա. Նավասարդյանի կալանքի համար:
Դատախազության հիշատակած ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասում ասվում է.
«Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած վարորդի կողմից սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով էլ ասվում է. «Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Ա. Վարդանյան
Հարակից հրապարակումներ`
- Վհուկները հայելի են գտել
- Տարածվել են Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի կադրերը
- Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ մարդիկ մոմ ու փափուկ խաղալիք են դնում մահացած մայրիկի ու չծնված փոքրիկի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան