Պատերազմում զոհվածներին հաշվել են կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթական զեկույցում ահազանգել է, որ Հայաստանում COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են։
Առողջապահության նախարարությունից արձագանքել են, որ Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի` Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության:
Պարզվել է, որ COVID-19-ի հետևանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներակայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում ավելցուկային մահերի մեջ ներառվել է 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված մահերը:
ԱՆ-ից նշում են, որ բացի այդ, 2020 և 2021 թվականների համար փորձագետների կողմից օգտագործվել են հասանելի նախնական տվյալներ, որոնք տարբերվում են վերջնականից:
«Հաշվի առնելով վերոգրյալը` առողջապահության նախարարությունը կդիմի ԱՀԿ-ին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ և հրապարակված վերլուծության վերանայում»,ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով խնդրին գրել է.
«ԱՀԿ-ն իր Covid-19-ի վերաբերյալ զեկույցում նշել է, որ Հայաստանում Covid-19-ի ավելցուկային մահերի թիվը ուռճացված է, ինչին ի պատասխան առողջապահության նախարարությունը սկսել է արդարանալ և մեղքը գցել հաշվարկների տեխնիկական խմբի գործունեության վրա, որ «պատահականության» և/կամ «տեխնիկական սխալի» արդյունքում, ավելցուկային մահերի մեջ ներառվել են նաև 44-օրյա պատերազմի արդյունքում մահացած անձիք...
Առաջին հայացքից դա իրականում «տեխնիկական սխալ» է, սակայն այդ «տեխնիկական սխալը», շատ տարօրինակ և իշխանությունների համար «երջանիկ» զուգադիպությամբ, իրենց համար լուծել է միանգամից 2 քաղաքական հարց:
Հարց 1. 44-օրյա պատերազմում զոհված մեր հայրենակիցների թիվը «նվազել» է, ի հաշիվ կորոնավիրուսային մահացության թվերի ավելացման: Պատկերացրեք, թե որքան են թիվ նկարել կորոնավիրուսի մահացության մեջ, որ նույնիսկ ԱՀԿ-ն է փաստել, որ թիվը ուռճացված է: Դե մեղավորն էլ երկիրը պատերազմի տարած և պարտության հասցրած իշխանությունը չէ, այլ այդ զզվելի ու գարշելի կորոնավիրուսն է...
Հարց 2. Կորոնավիրուսային մահացության թվերը ուռճացնելով սփռել են վախի մթնոլորտ բնակչության և բուժաշխատողների շրջանում, ինչն էլ հնարավորություն է տվել ակտիվացնել բուժաշխատողների կողմից պատվաստանյութերի քարոզչությունը և կիրառել պարտադրանքի ու շանտաժի գործիքը՝ բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար:
Հերթական անգամ մեր բնակչությունը դարձավ մանիպուլյացիայի և կեղծիքի զոհ:
Իսկ, եթե հաշվի առնենք, որ ԱՀԿ-ն քաղաքական կառույց է և այդ տեղեկատվությունը տարածում է գործող իշխանությունների հրաժարականը պահանջելու ակտիվ փուլում, ապա կարելի է եզրակացության գալ, որ գործող իշխանությունն այլևս պետք չէ նաև արևմուտքին, ուստի կարելի է նրանց օգտագործած դիմակի նման դեն նետել»։
Հիշեցնենք, ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ օրվա դրությամբ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3825 է։
Կորոնավիրուսի hամավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, մայիսի 9-ի դրությամբ Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 10 307 հիվանդ։
Հարակից հրապարակումներ`
- Չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա. Նիկոլ Փաշինյան
- Պատերազմում մոտ 100 զոհվածի հարազատներ հրաժարվում են հուղարկավորել նույնականացված մարմինները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան