Տիկին դեսպան, խոսեք. ակցիա՝ Հայաստանում ԵՄ դեսպանատան դիմաց
Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև բողոքի ակցիա իրականացրեցին համաժողովրդական շարժման երիտասարդ մասնակիցները՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ուշադրությունը հրավիրելու այս օրերին ոստիկանության գործողությունների վրա։
ՀՀԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ լուսանկարներ են բերել ցույց տալու այն ոստիկաններին, ովքեր ծեծ ու ջարդ, բիրտ, անհմաչափ ուժ են կիրառել խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ։
«Վստահ եմ, որ տիկին դեսպանը տեսել է այդ կադրերը, բայց ևս մեկ անգամ այս լուսանկարներով ուզում ենք հիշեցնել, թե ինչ է կատարվում Երևանում, ուզում ենք իր կարծիքն իմանալ, որովհետև մշտապես ասում է՝ հետևում է իրավիճակին։ Ուզում ենք հասկանալ՝ ասելի՞ք ունի այս ամեն ինչի մասին, թե ոչ»,- ասաց Բեգլարյանը։
Նրա խոսքով, զարմանալի է, որ այն կառույցը, որը մշտապես խոսում է ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին, չի արձագանքում այն խախտումներին, որոնք կատարվում են ամեն օր։
«Տիկին դեսպան, մենք կրկին այստեղ ենք, որովհետև դուք շարունակում եք լռել ժողովրդավարության նկատմամբ ոտնձգությունների մասին։ Ուզում ենք հասկանալ՝ արդյո՞ք դեսպանը գոհ է այս օրերին ոստիկանական ուժերի գործողություններից, արդյո՞ք համաչափ է համարում ոստիկանների կողմից ուժի կիրառումը, արդյո՞ք այն գումարները, որոնք ծախսվել են բազմաթիվ բարեփոխումների վրա, այդ թվում ոստիկանության ոլորտում, արդարացված են համարում, արդյո՞ք գոհ են ոստիկանների պահվածքից։
Ենթադրվում էր, որ պետք է ունենայինք ավելի քաղաքակիրթ, ավելի զուսպ, բռնությունը բացառող, որևէ քաղաքացիական իրավունք չոտնահարող, սահմանադրությունը չխախտող ոստիկանական ուժային համակարգ, սակայն այն ամենը, ինչ տեղի է ունենում այս օրերին համազգային շարժման ընթացքում, ուղղակի զարհուրելի է։ Սրանք երևույթներ են, որոնց մասին միջազգային հանրությունը, ցավոք, լռում է»,- ասաց նա։
Լ.Բեգլարյանի խոսքով, այս օրերին ոստիկանության կողմից իրականացված ապօրինությունների հարյուրավոր դեպքեր են արձանագրվել՝ ապօրինի բերման ենթարկումներ, բռնություններ, մարդու արժանապատվության խախտումներ, քաղաքական, քաղաքացիական իրավունքների խախտումներ, լրագրողների աշխատանքի սահմանափակում, լրագրողների նկատմամբ բռնություն։
«Ո՞ւր է միջազգային հանրությունը այս օրերին ընթացքում, ոչ մի արտառոց, ոչ մի անհանգստացնող բան չե՞ք նկատել, մարդու հիմնարար իրավունքի խախտումներ չե՞ք նկատում։ Տիկին դեսպան, խոսեք»,- ասաց Լիլիթ Բեգլարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան